Պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումն աշխուժացրեց Հայաստանի կորպորատիվ պարքի շուկան

29.07.2009 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Հուլիսի կեսից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում 2 շաբաթ տեւած աննախադեպ պասիվությունից հետո կորպորատիվ պարտատոմսերով գործարքներում սկսել է նկատվել աշխուժացում: Գործարքների ծավալները նվազել են եւ համատարած նկատվում է տոկոսադրույքների նվազում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեց «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը, կորպորատիվ, եւ մասնավորապես բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի հանդեպ պահանջարկ առաջացավ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների կտրուկ նվազման արդյունքում:

«Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջեր Եղիշե Քերոբյանի կարծիքով եւս, շուկայի աշխուժացումը ուղղակիորեն կապված է պետական և կորպորատիվ պարտատոմսերի շուկաներում առաջացած դիսբալանսի հետ, իսկ ավելի ստույգ` այդ երկու տիպի պարտատոմսերի եկամտաբերությունների տարբերության:

«Այն դեպքում, երբ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները կտրուկ անկում էին ապրում (գները աճում էին), կորպորատիվների շուկան կարծես ետ էր մնացել այդ միտումից», - նշում է Եղիշե Քերոբյանը, հավելելով, որ նախորդ շաբաթ այդ դիսբալանսը դարձավ ավելի գրավիչ և որոշ ներդրողներ սկսեցին ձեռք բերել շուկայականից ցածր գնանշվող կորպորատիվ պարտատոմսեր:
«Ակնհայտ է, որ հենց նրանց գործողությունների հետեւանքով տոկոսադրույքները այս շուկայում սկսեցին նվազել», - ասում է «Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջերը:

Պետական պարտատոմսերի շուկա

«Հուլիսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվել կարճաժամկետ եւ միջնաժամկետ պետական պարտատոմսերի տեղաբաշխման երկու աճուրդ, որոնց ժամանակ կարճաժամկետ պարտատոմսերի պահանջարկը եղել է աննախադեպ՝ 6 անգամ գերազանցելով առաջարկը, իսկ միջնաժամկետի ժամանակ՝ 1.6 անգամ», - տեղեկացրել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին պետական պարտատոմսերի շուկայում մասնագիտացած «Ռենեսա» ներդրումային ընկերությունում:

«Ռենեսա»-ում նշել են, որ այդ ժամանակահատվածում մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի տոկոսադրույքը նախորդ աճուրդների համեմատ նվազել է մոտ 1.5 տոկոսային կետով, իսկ 3-5 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերինը՝ մոտ 2 տոկոսային կետով: Նույն ժամանակահատվածում ԿԲ տրամադրեց եւս մեկ երկարաժամկետ ռեպո`  91 օրական  2,387,134,289 ՀՀ դրամ ծավալով:

«Չնայած ընթացիկ շաբաթը հուլիսի վերջին շաբաթն է եւ տեղի է ունենալու ընդամենը մեկ կարճաժամկետ՝ 3 ամսական պարտատոմսերի տեղաբաշխում, համենայն դեպս մենք կանխատեսում ենք աննախադեպ պահանջարկի պահպանում եւ տոկոսադրույքների հետագա անկում», - նշում են «Ռենեսա»-ում:

Արտարժույթի շուկա

Հետևելով հուլիսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ֆոնդային բորսայում արտարժույթով կատարված գործարքներին, «Ռենեսա»-ում արձանագրեցին, որ շաբաթվա սկզբի համեմատ շաբաթվա վերջում արտարժույթի փոխարժեքը բարձրացել է մոտ 2.44 կետով (365-367.44):

«Վերլուծելով տվյալները՝ կարող ենք արձանագրել, որ դոլարի նկատմամբ պահանջարկը աճել է եւ կանխատեսում ենք, որ փոխարժեքը կշարունակի բարձրանալ՝ չգերազանցելով 370-ի սահմանը», - նշում են «Ռենեսա»-ում:

Բաժնետոմսերի շուկա

Օրերս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-յի ազատ հարթակում առեւտրի իրավունք են ստացել «Արաքս» ԲԲԸ բաժնետոմսերը: Ցուցակման փուլում են գտնվում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը:

«Կասկադ Ինվեստմենտս»-ի ներդրումային մենեջեր Եղիշե Քերոբյանի կարծիքով «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում պաշտոնապես հայտարարված ներդրողների քանակը կարող է հիմք տալ եզրակացնելու, որ այդ բաժնետոմսերով առեւտուրը կլինի միջիցինից ավելի ակտիվ:

«Արաքս» ԲԲԸ-ի դեպքում, կարծում եմ, որ հավական է այդ ընկերության բաժնետոմսերի ապագայում ապացուցակումը, ինչի մասին ենթադրության տեղիք է տալիս բաժնետոմսերի ցուցակմանը հաջորդած խոշոր գործարքը». – նշում է Եղիշե Քերոբյանը, հավելելով, ու ամենայն հավանականությամբ ընկերությունը ցուցակվեց, որպեսզի նվազեցնի խոշոր գործարքի հետ կապված ծախսերը, քանի որ նման գործարքները բորսայի հարթակում կատարելը շատ ավելի էժան է, քան դրանից դուրս:

 

Դիտում՝ 14637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW