Երեւան /Մեդիամաքս/. Լիբանանյան Credit Bank-ը հայտարարել է «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 51%-ի ձեռք բերման եւ հայաստանյան բանկի հետ ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հուլիսի 6-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում Credit Bank-ի տնօրենների խորհրդի նախագահ Թարեք Խալիֆեն ասել է, որ ավելի քան 2 տարի տեւած բանակցությունները հաջողությամբ են ավարտվել, եւ լիբանանյան բանկը «Անելիք Բանկի» կապիտալն ավելացրել է 9 մլրդ դրամով` հասցնելով այն 15 մլրդ-ի: Նախկինում «Անելիք Բանկի» բաժնետերերը 4 ֆիզիկական անձինք էին, որոնցից յուրաքանչյուրն ուներ 25% բաժնետոմս: Գործարքից հետո նրանցից յուրաքանչյուրին պատկանում է բանկի բաժնետոմսերի 12.25%-ը: «Մեր որոշումը հիմնավորված է Հայաստանի բանկային համակարգի ապագայի վերաբերյալ մեր տեսլականով, այդ համակարգը շարունակելու է աճել` Հայաստանը վերածելով տարածաշրջանային բանկային կենտրոնի»,- ասել է Թարեք Խալիֆեն: «Անելիք Բանկի» վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշել է, որ գործարքի արդյունքում Credit Bank-ն ելք է ստացել ոչ միայն հայաստանյան, այլեւ` ռուսաստանյան բանկային շուկա. Ռուսաստանում գործում է «Անելիք Բանկի» դուստր` «Անելիք Ռու» բանկը: «Անելիք Ռու» բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը նշել է, որ լիբանանյան բանկի հետ գործարքը օգտակար կլինի «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի համար եւ կօգնի ընդլայնել սպասարկվող երկրների աշխարհագրությունը: Պատասխանելով բանկի հնարավոր ռեբրենդինգի մասին հարցին` Սամվել Ճզմաչյանն ասել է, որ «Անելիք Բանկը» ԱՊՀ-ում ամենաճանաչելի բանկերից մեկն է, եւ դրա անվանափոխումը «անմտություն» կլիներ: Սամվել Ճզմաչյանը տեղեկացրել է, որ «Անելիք Բանկը» 2009թ. երկրորդ եռամսյակն ավարտել է շուրջ 160 մլն դրամ վնասով, ինչը բանկի պատմության մեջ առաջին դեպքն է, եւ հույս է հայտնել, որ բանկը տարին, այնուամենայնիվ, շահույթով կփակի: ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Credit Bank-ի մուտքը Հայաստանի բանկային հատված խոսում է երկրի ֆինանսական հատվածի եւ առանձին ֆինանսական ինստիտուտների նկատմամբ վստահության մասին, ինչը հատկապես կարեւոր է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: «Նոր բաժնետիրոջ առկայությունը «Անելիք Բանկին» թույլ կտա ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել հայաստանյան շուկայում եւ ընդլայնել ծառայությունների տեսականին»,- ասել է Արթուր Ջավադյանը: ԿԲ ղեկավարը հիշեցրել է, որ «այս տարի սա հայաստանյան բանկի կապիտալի երրորդ եւ իր ծավալով աննախադեպ ավելացումն է»` հավելելով, որ եւս 3 բանկեր ԿԲ-ին իրենց կապիտալներն ավելացնելու հայտեր են ներկայացրել: Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ երկու խոշոր միջազգային ֆինանսական կառույցներ քննարկում են Հայաստանում բանկ ձեռք բերելու, կամ հիմնելու հնարավորությունը: Tweet Դիտում՝ 16674