Երեւան /Մեդիամաքս/. Նախորդ շաբաթվա ընթացքում պետական պարտատոմսերի առաջնային շուկայում կատարվել է կարճաժամկետ պարտատոմսերի 2 թողարկում` յուրաքանչյուրը 1 մլրդ դրամ տեղաբաշխման ծավալով: Թողարկումների միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.2211% եւ 11.3739%: Միաժամանակ, երկու թողարկումների նկատմամբ պահանջարկը գերազանցել է 2 մլրդ դրամը, իսկ տեղաբաշխման հասույթը կազմել է 898 103 084 եւ 896 858 581 դրամ: “Ռենեսա” ներդրումային ընկերությունում նշել են աճուրդների մասնակիցների մեծ հետաքրքրությունն այդ թողարկումների նկատմամբ: “Վերջին երկու աճուրդների արդյունքները եւս մեկ անգամ վկայում են, որ կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը նվազելու միտում ունի”,- ասել են “Ռենեսայում”: “Նախորդ շաբաթվա սկզբին ԿԲ-ը հայտարարեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով իջեցնելու մասին` մինչեւ 6.5 %, ինչը վկայում է դրամավարկային եւս մեկ լծակի օգտագործման մասին` լրացուցիչ իրացվելիության ներարկման նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամսվա առաջին տասնօրյակը հարկահավաքության եւ ընդհանուր վճարումների առումով համարվում է ավելի թեթեւ, այդ կարճաժամկետ իրացվելիության ավելցուկը, ամենայն հավանականությամբ, կուղղվի դեպի կարճաժամկետ պարտատոմսերի շուկա, որոնց եկամտաբերությունը կշարունակի նվազել”,- ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին ասել են “Ռենեսայում”: Ներդրումային ընկերությունում կարծում են, որ որ ԿԲ-ի վարած քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում ավելի կանխատեսելի է դարձնում ֆինանսական համակարգի զարգացումները եւ զերծ պահում այն անցանկալի տատանումներից: Այս կարծիքը կիսում է նաեւ “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ներդրումային ընկերության դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը, ով ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հետ հարցազրույցում նշել է, որ “պետական պարտատոմսերի շուկայի կայունացումը հանգեցրել է արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության զգալի տատանումների բացակայությանը”: Անցյալ շաբաթ “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում արժեկտրոնային պարտատոմսերով կատարված գործարքների ընդհանուր ծավալը դրան նախորդող շաբաթվա համեմատ ավելացել է 6.7 անգամ` կազմելով 578 074 923 դրամ: Գործարքների ծավալը 7-ից դարձել է 20: Գործարքներ են կնքվել “Վալլետտա” ՍՊԸ, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ, “ՏՈՆՏՈՆ” ՍՊԸ, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ, “Կոնվերս Բանկ” ՓԲԸ, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ, “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ եւ “Շեն Կոնցեռն” ՓԲԸ պարտատոմսերով: Գործարքների ընդհանուր ծավալի շուրջ 82.5%-ն ապահովվել է “Շեն Կոնցեռնի” պարտատոմսերով կատարված գործարքներով, որոնց եկամտաբերությունը նախորդ շաբաթվա արդյունքներով նվազել է 0.0021 տոկոսային կետով: Նվազել է նաեւ “ՏՈՆՏՈՆ”-ի (0.6002 տոկոսային կետով), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի (1.8218 տոկոսային կետով) եւ “Էլիտ Գրուպի” երկրորդ տրանշի (0.032 տոկոսային կետով) պարտատոմսերի եկամտաբերությունը: Նախորդ շաբաթվա արդյունքներով արձանագրվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” (0.772 տոկոսային կետով) եւ “ԻՄԷՔՍ Գրուպի” (0.34 տոկոսային կետով) պարտատոմսերի եկամտաբերության նվազում: “Կոնվերս Բանկի” եւ “Վալլետտայի” երկրորդ տրանշի պարտատոմսերի եկամտաբերությունն անցյալ շաբաթվա արդյունքներով չի փոխվել: Շուկայի ակտիվացումը “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթի” դիլեր-բրոքեր Ալիկ Առաքելյանը բացատրում է յուրաքանչյուր ամսվա վերջում ներդրողների ավանդական ակտիվացմամբ: Մայիսին արժեկտրոնային պարտատոմսերով կատարված առքուվաճառքի ծավալը ապրիլի ցուցանիշը գերազանցել է 3.8 անգամ` կազմելով 1 մլրդ 083 մլն 302.7 հազար դրամ: Միաժամանակ, արժեկտրոնային պարտատոմսերի միջին շուկայական եկամտաբերությունը մայիսի ընթացքում գրեթե չի փոխվել` կազմելով 12.266%: Արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության զգալի տատանումների բացակայությունը Ալիկ Առաքելյանը բացատրում է պետական պարտատոմսերի շուկայի կայունացմամբ, որը կտրուկ ազդել էր արժեկտրոնային պարտատոմսերի շուկայի վրա մարտին գրանցված տատանումներով: “Եթե հունիսին շուկայում անկանխատեսելի իրադարձություններ տեղի չունենան, արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերությունը եւս չի կրի զգալի փոփոխություններ”,- ասել է Ալիկ Առաքելյանը: Tweet Դիտում՝ 15200