Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Ինվեստմենտս” ներդրումային ընկերությունը կանխատեսում է ՀՀ դրամի ամրապնդում ողջ 2009 թվականի ընթացքում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է “Կասկադ Ինվեստմենտսի” 2009թ. ապրիլի վերլուծական տեսության մեջ: Ընկերության մասնագետների կանխատեսումներով, այս տարվա երկրորդ եռամսյակում ազգային արժույթը կամրապնդվի 1 ԱՄՆ դոլարի դիմաց մինչեւ 368 դրամ, երրորդում` մինչեւ 353 դրամ, իսկ չորրորդում` մինչեւ 345 դրամ: “Համաշխարհային շուկաներում դանդաղ աճը, ինչպես նաեւ նավթի անփոփոխ գները կրճատել են Հայաստանի վրա արտաքին ինֆլյացիոն ճնշումը` երկրի արժույթի շուկային կայունություն հաղորդելով: Միաժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում դոլարի առքուվաճառքի ծավալն ապրիլին կազմել է $38.5 մլն` մեկ դոլարի դիմաց 369 դրամ միջին կշռված գնով, ինչը ցածր է արտաբորսային գնից”,- արձանագրում է “Կասկադ Ինվեստմենտսը”` դա բացատրելով ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ միջամտություններով: “Եթե ԿԲ-ն այլեւս մտադիր չէ արժեւորել դոլարը, դոլար/դրամ հարաբերակցության վերաբերյալ մեր կանխատեսումները հիմնականում մնում են նվազողական` դոլարի նկատմամբ դրամի հնարավոր ամրապնդմամբ”,- եզրափակում է “Կասկադ Ինվեստմենտսը”: Tweet Դիտում՝ 11832