Մինչև տարեվերջ Հայաստանը կարող է ստանալ հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված KfW-ի նոր վարկը

16.05.2009 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) լրացուցիչ ֆինանսավորման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել KfW-ի հետ, որի համաձայն գերմանական բանկը կհատկացնի 20 մլն եվրո ՀՀ հիփոթեքային շուկայի եւ 15-20 մլն եվրո` վերականգնվող էլեկտրաէներգետիկայի զարգացման համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին մայիսի 15-ին Եղեգնաձորում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Սպասվում է, որ հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված 20 մլն եվրոն Հայաստանը կստանա մինչեւ ընթացիկ տարվա աշնան վերջը:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, թե ինչ պայմաններով է ընթանալու հիփոթեքային վարկավորումը լրացուցիչ ֆինանսավորումը ստանալուց հետո, Արթուր Ջավադյանն ասաց, որ հիփոթեքային շուկայում ոչ շուկայական մեխանիզմներ չեն կիրառվի, սակայն ԿԲ ընդլայնողական դրամավարկային քաղաքականության շարունակությունը կանդրադառնա բանկային տոկոսադրույքների վրա:

«Այսօր դժվար է  խոսել այն մասին, թե կոնկրետ ինչպիսին են լինելու հիփոթեքային վարկերի տոկոսադրույները, բայց միանշանակ է, որ դրանք լինելու են այսօրվա տոկոսադրույքներից ցածր, իսկ մարման նվազագույն ժամկետները կգերազանցեն 10 տարին», - ասել է Արթուր Ջավադյանը, հավելելով, որ KfW-ի հետ բանակցություններ են վարվում նաեւ վարկերի առավելագույն թույլատրված չափի մեծացման ուղղությամբ, որը ներկայումս կազմում է 12 մլն դրամ:

ԿԲ ղեկավարը նոր մանրամասներ է հայտնել նաեւ ստեղծվելիք հիփոթեքային հիմնադրամի մասին, որը կգրանցվի մինչեւ ընթացիկ ամսվա վերջ:

«Նոր հիփոթեքային ընկերությունը չի զբաղվելու վարկավորմամբ, այլ գնելու կամ գրավ է վերցնելու բանկերի այն հիփոթեքային վարկերը, որոնք համապատասխանելու են ընկերության կողմից սահմանված չափորոշիչներին», - ասել է Արթուր Ջավադյանը, հավելելով, որ այդպիսով տվյալ չափորոշիչներով վարկավորող բանկերը կարող են համոզված լինել, որ հիփոթեքային ընկերությունը կգնի իրենցից այդ վարկերը, ու, փաստորեն, տեղի է ունենալու վերաֆինանսավորում:

ԿԲ ղեկավարը հայտնել է, որ հիփոթեքային ընկերության կանոնադրական հիմնադրամը կկազմի 5 մլրդ դրամ. «Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնավոր ներդրողների ու կառավարության կողմից հիմնադրամ ներգրավել համապատասխանաբար 5 մլրդ ու 15-20 մլրդ դրամ, ինչպես նաև ֆինանսավորում ներգրավելու մասին բանակցություններ են վարվում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և այլ միջազգային դոնորների հետ», - ասել է Արթուր Ջավադյանը:           

 

Դիտում՝ 16361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW