Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային ընկերությունը ապրիլի 30-ին հաստատել է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ('BB+') եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ('BB') թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը (IDR): Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Fitch Ratings-ը, երկու բանկերի կանխատեումները կայուն են: Fitch Ratings-ը հաստատել է նաեւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ('D/E') եւ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ('D') անհատական վարկանիշերը, թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշերը (երկու բանկերն էլ` 'B'), ինչպես նաեւ բաժնետերերի կողմից բանկին օժանդակելու վարկանիշերը (երկու բանկերն էլ` '3'): Երկու բանկերի IDR-ը արտացոլում է Fitch-ի կարծիքը անհրաժեշտության դեպքում տվյալ բանկերի բաժնետերերի կողմից բանկին աջակցելու չափավոր հավանականության մասին: Fitch-ը կարծում է, որ ռուսական “ՎՏԲ Բանկը” (վարկանիշը` 'BBB'/Բացասական) անհրաժեշտության դեպքում հակված կլինի օգնել “ՎՏԲ-Հայաստան Բանկին”: Fitch-ը դա հիմնավորում է նրանով, որ “ՎՏԲ Բանկը” “ՎՏԲ-Հայաստան Բանկի” 100%-ոց բաժնետերն է, որը, իր հերթին, զգալիորեն փոքր է մայր բանկից, ինչպես նաեւ նրանով, որ ԱՊՀ երկրների շուկաները ռուսական բանկի համար ռազմավարական նշանակություն ունեն: “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” պարագայում Fitch-ը ենթադրում է, որ Credit Agricole բանկային խմբի ('AA-'/Կայուն) կողմից նրան օժանդակելու հնարավորությունը քիչ հավանական է հայաստանյան բանկում վերջինիս փոքր մասնաբաժնի (28%) հետեւանքով, ինչպես նաեւ այն պատճառով, որ հայաստանյան շուկան Credit Agricole-ի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Fitch-ի այս պատկերացումներն արտահայտվել են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” համեմատ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ավելի ցածր IDR-ում: “Այնուամենայնիվ, օժանդակությունը կարող է պայմանավորված լինել “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” վարկանիշով` որպես ֆրանսիական բանկային խմբի հետ ընդհանուր բրենդ ունեցող բանկի, Credit Agricole-ի անմիջական մասնակցությամբ հայաստանյան բանկի հիմնադրման գործում, նրա նկատմամբ վերահսկողությամբ եւ վերջինիս հարաբերականորեն փոքր չափերով”,- նշում է Fitch Ratings-ը: Վարկանիշային ընկերությունը նշում է, որ երկու բանկերի անհատական վարկանիշերն արտահայտում են վերջին տարիներին արձանագրված վարկավորման սրընթաց աճը, արտարժույթով վարկերի բարձր մասնաբաժինը, բարձր ռիսկային գործառնական միջավայրը, նաեւ` երկու բանկերի պատշաճ կապիտալացումը եւ նրանց մեծ ճանաչվածությունը ներքին շուկայում: “Սակայն “ՎՏԲ-Հայաստան Բանկի” վարկային պորտֆելի մեծ կենտրոնացումը, նրա հարաբերականորեն բարձր կողմնորոշումը խոցելի շինարարական հատվածի վրա, վատ վարկերի փոքր ինչ ավելացած մասնաբաժինը, կապիտալում երկրորդ կարգի ավելի բարձր բաղադրիչը եւ բաժնետիրոջ աջակցության մեջ մեծ վստահությունը բանկը ավելի թույլ են դարձնում ինքնավարության մակարդակում, ինչը եւ անդրադարձել է նրա անհատական վարկանիշի վրա` 'D/E'”,- նշում է Fitch-ը: Անդրադառնալով “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” անհատական վարկանիշին` Fitch-ը ուշադրություն է դարձնում վարկային պորտֆելի բազմատարրության, ֆինանսավորման դիվերսիֆիկացված աղբյուրների, իրացվելիության կայուն մակարդակի, բանկի մեծ շահութաբերության եւ լավ կորպորատիվ կառավարման վրա: Վարկանիշային ընկերությունը նշում է, որ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” 2008թ. վերջի դրությամբ ՀՀ խոշորագույն բանկն է ըստ ակտիվների (շուկայի 12%-ը), տրված վարկերի (շուկայի 13%-ը), եւ գյուղատնտեսության վարկավորման (շուկայի 71%-ը): Fitch-ը նշում է, որ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” 2008թ. վերջի դրությամբ զբաղեցնում է վարկավորման շուկայի 11%-ը, փոքր ավանդների շուկայի 5,9%-ը եւ լայն մասնաճյուղային ցանց ունի ՀՀ բոլոր մարզերում: Tweet Դիտում՝ 22331