Այս շաբաթ ֆոնդային շուկայում կպահպանվի նախկինում ձեւավորված միտումը

27.04.2009 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ինչպես եւ կանխատեսվում էր, անցած շաբաթվա ընթացքում “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում պարտատոմսերի գների էական տատանումներ չեն արձանագրվել, ավելին, նկատվել է գործարքների քանակի անկում:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է “Կապիտալ Ասեթ մենեջմենթ” ընկերության  ներդրումային խորհրդատու Անի Վարդանյանը: 

Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ նախանցած շաբաթվա հետ համեմատ անցած շաբաթվա ընթացքում ֆոնդային բորսայում պարտատոմսերով կնքված գործարքների քանակը նվազել է, սակայն պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալն աճել է 13.4%-ով` կազմելով մոտ 74.13 մլն դրամ:

Անցած շաբաթ կնքվել են գործարքներ միայն “Կոնվերս Բանկի”, “Շեն-Կոնցեռնի”, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” և “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի առաջին տրանշով թողարկված պարտատոմսերով: “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ու “Շեն-Կոնցեռնի” կողմից թողարկված պարտատոմսերով` թե կնքված գործարքներով, թե ներկայացված առքի եւ վաճառքի առաջարկներով նկատվել է տոկոսադրույքների նվազում համապատասխանաբար 1.3 եւ 0.9 տոկոսային կետերով: Մնացած թողարկողների պարտատոմսերի գծով տոկոսադրույքների փոփոխություններ չեն եղել:

Անի Վարդանյանի գնահատմամբ, այս շաբաթվա ընթացքում կպահպանվի նախկինում ձևավորված միտումը, եւ տոկոսադրույքների կտրուկ եւ մեծ փոփոխություններ չեն արձանագրվի:

Անդրադառնալով “Ինեկոբանկ” ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին (“Կապիտալ Ասեթ մենեջմենթ”-ը հանդիսանում է “Ինեկոբանկի” թողարկման տեղաբաշխողը), ներդրումային ընկերության բրոքեր-դիլեր Ալիկ Առաքելյանը տեղեկացրեց, որ “Ինեկոբանկի” կորպորատիվ պարտատոմսերի վաճառքի բուն գործընթացը սկսվել է անցած շաբաթ եւ ապրիլի 23-ի դրությամբ տեղաբաշխվող 7000 հատ 50 000 դրամ անվանական արժեքով պարտատոմսերից արդեն վաճառվել էր 5614-ը:

“Այս պահի դրությամբ կան արդեն թողարկման մնացած մասի տեղաբաշխման հայտեր եւ, քանի որ այսօր տեղաբաշխման վերջին օրն է, մենք հույս ունենք, որ երեկոյան տեղաբաշխված կլինի թողարկման ողջ ծավալը”, - ասել է Ալիկ Առաքելյանը:

Դիտում՝ 16108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW