Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել 2008թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բյուջեի եկամտային մասը կազմել է 785 մլրդ դրամ (105%): Փաստաթղթի համաձայն` բյուջեի ծախսերը կասզմել են 810 մլրդ դրամ, ինչը 10 մլրդ դրամով պակաս է նախատեսվածից: Պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 25.2 մլրդ դրամ` նախատեսված 76 մլրդ-ի փոխարեն: Տիգրան Դավթյանը հայտնել է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2008 թվականին կազմել է $1.5 մլրդ, իսկ ներքին պարտքը` $328 մլն: Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետբյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողովի քննարկման: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ արտաքին եւ ներքին պարտքի տեսակարար կշիռը ցածր մակադրակի վրա է, եւ դա թույլ կտա նոր միջոցներ չներգրավել արտաքին եւ ներքին շուկաներից ներքին ծախսային պարտավորությունների կատարման համար: Վարչապետն ասել է, որ 2009թ. երկրորդ կիսամյակը ծանր է լինելու Հայաստանի տնտեսության համար, եւ “այդ մասին են վկայում երկրի տնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալները”: “Մեր երկիրն իր վրա զգում է համաշխարհային տնտեսության բոլոր բացասական միտումները, մասնավորապես, մասնավոր ներդրումների եւ տրանսֆերտների ծավալների կրճատումը”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարն ասել է, որ առաջին հերթին տուժում է կապիտալ շինարարության ոլորտը, եւ հենց այդ նպատակով երկրի ղեկավարությունը հանդես է եկել վարկատուներին պետական երաշխիքներ տրամադրելու նախաձեռնությամբ: Tweet Դիտում՝ 13522