Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ մասնավոր ընկերությունների շուրջ 39 %-ը իր գործունեությունը ծրագրում է 1-3 տարվա համար, եւ միայն 22 %-ը` 3 տարին գերազանցող ժամանակահատվածով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարքետինգի բաժնում, “Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ”-ի միջազգային գործարար զեկույցի արդյուքններով, միջնաժամկետ պլանավորման (1-3 տարի) ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Դանիայում, Նոր Զելանդիայում եւ Միացյալ Թագավորությունում (64-ական տոկոս): Երկարաժամկետ պլանավորման ցուցակի առաջատարը Չինաստանն է (հարցվածների 44 %-ը): Կարճաժամկետ բիզնես պլանավորման (մինչեւ 1 տարի) հակված են հայ գործարարների 35 %-ը, համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմում է հարցվածների 21 %-ը: “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Գուրգեն Հակոբյանն ասել է, որ “Հայաստանի մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների հետ մեր համագործակցության փորձը ցույց է տալիս, որ 3 տարին ամենից հաճախ հանդիպող պլանավորման ժամանակահատվածն է”: “Սովորաբար մեր երկրում ընկերությունների պլանները կազմվում են մինչեւ 3 տարվա ժամկետի համար, ինչը հիմնավորված է՝ հաշվի առնելով տնտեսության անկայունությունը: Համաշխարհային տնտեսական անկումներն իրենց հերթին մարտահրավերներ են նետում ֆորմալ պլանավորման գործընթացին՝ այն դարձնելով ավելի ու ավելի ճկուն՝ ծագող դժվարությունների արձագանքելու համար: Այդուհանդերձ, կարճաժամկետ գործառնական պլան ունենալն ամենեւին չի նշանակում, որ վերանում է երկարաժամկետ ռազմավարական պլանի անհրաժեշտությունը: Կարճաժամկետ հեռանկարում առաջացող մարտահրավերներն ավելի հեշտ են հաղթահարվում, եթե բիզնեսը հստակ պատկերացնում է իր գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում”, - ասել է Գուրգեն Հակոբյանը: Միջազգային գործարար զեկույցը բացահայտել է նաեւ հայ գործարարների տրամադրվածությունը շահութաբերության բարձրացմանն ուղղված քայլերի նկատմամբ: Մեծամասամբ նրանց կարծիքները համընկել են համաշխարհային հարցման արդյունքներին (նորարարություն եւ գնագոյացման քաղաքականություն), բացառությամբ ծախսերի կրճատման վերաբերյալ դիրքորոշման: Համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշը կազմում է 18 %, մինչդեռ Հայաստանում այն 7 % է: Tweet Դիտում՝ 10789