Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը կարծում է, որ “իդեալական տարբերակով պետության հետ օպերատորների հարաբերությունները պետք է լինեն գործըկերային”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին Նեյչո Վելիչկովը գրում է www.itel.am կայքի իր բլոգում: “Եթե ծայրահեղությունների մեջ չընկնենք (չարդարացված հովանավորչությունը եւ արդյունքում` ձեռնարկության գործնական կենսունակության թուլացումը, կամ ընդհակառակը` ընկերությունների ծայրահեղ կարգավորումն ու ճնշումը), պետության հետ գործընկերությունը կարող է դառնալ ավանդական օպերատորների մեծ առավելությունը` օգնելով նրանց իրագործել իրենց սոցիալական գործառույթը”,- կարծում է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը: Նեյչո Վելիչկովը նշել է, որ “հենց ավանդական օպերատորներն ունեն տեխնիկական ու մարդկային այն ռեսուրսները, որոնք ունակ են հետեւել տեխնոլոգիական նորարարություններին”: “Մյուս կողմից, երբեմն ավանդականությունը կարող է խանգարել բիզնեսին, զրկել այն ճկունությունից: Այսպիսի գործոնների հաղթահարումը փոփոխությունների ժամանակաշրջանում ընկերության ղեկին կանգնած մարդու հիմնական խնդիրն է”,- ընդգծել է “ԱրմենՏելի” ղեկավարը: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենի բլոգը հասանելի է http://www.itel.am/am-blog-2563.html հասցեում: Tweet Դիտում՝ 11883