«Նաիրիտը» նոր շուկաներ դուրս գալու անախադեպ հնարավորություն է ստանում

09.03.2009 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. «Նաիրիտում» արտադրության վերագործարկում է կատարվում, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է «Նաիրիտ» գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը:

Նրա խոսքերով, չնայած համաշխարհային տնտեսական լանդշաֆտի զգալի փոփոխությանը, քիմիական արտադրանքի շուկան բավականին հաստատուն հակազդեցություն է ցուցաբերում բացասական միտումներին: «Ճգնաժամն, ըստ էության, քանդել է տարիների ընթացքում ձեւավորված «հումք-վերամշակող-սպառող» ամուր կապերը, պայթեցրել է «գնային պղպջակները», հետեւաբար, համապատասխան պայմանների առկայության դեպքում «Նաիրիտ» ՓԲԸ-ն աննախադեպ հնարավորություն է ստանում նոր ուժով մուտք գործել այն շուկաները, որոնք անհասանելի են եղել մեզ համար»,- ասել է Վահան Մելքոնյանը` նշելով, որ «մենք պատրաստ ենք օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն»:

Պատասխանելով գործարանի աշխատանքի վրա դրամի արժեզրկման ազդեցության մասին հարցին` Վահան Մելքոնյանն ասել է, որ դրամի արժեզրկումը, «անշուշտ, դրական գործոն է հայաստանյան արտահանող ցանկացած կազմակերպության համար»` միաժամանակ նշելով նաեւ երեւույթի բացասական կողմերը, որոնց թվում` արտադրության վերազինման նպատակով սարքավորումների ներկրման հետ կապված բարդությունները: «Դրամի արժեզրկումն արդեն հանգեցրել է ինֆլյացիոն գործընթացների. թանկացել է վառելիքը, բարձրանում են էներգակիրների սակագները»,- ասել է Վահան Մելքոնյանը: 

Նրա խոսքերով, գործարանի ղեկավարությունը, այնուամենայնիվ, որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից: Այդ համատեքստում Վահան Մելքոնյանը «հուսադրող» է անվանել Մոսկվայում ՀՀ վարչապետի վերջին բանակցություների արդյունքները:

Պատասխանելով եվրոպական բանկերից սինդիկացված վարկ ստանալուն ուղղված բանակցությունների ընթացքի մասին հարցին` Վահան Մելքոնյանն ասել է, որ համաշխարհային ճգնաժամի պատճառով վարկի ստացումը հետաձգվել է, իսկ դրա նախնական ծավալը (շուրջ $250 մլն)` կրճատվել:

Վահան Մելքոնյանը տեղեկացրել է, որ եվրոպական բանկերի հետ բանակցությունները շարունակվում են, եւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերության ֆինանսական կայունության ապահովման շրջանակներում գործարանին շուրջ $92 մլն տրամադրելու վերաբերյալ: Նա նաեւ ասել է, որ վարկային համաձայնագրի նոր մանրամասները հայտնի կդառնան մարտի 15-20-ը:

Դիտում՝ 13842
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW