Երեւան /Մեդիամաքս/. “Արցախ Հիդրոէլեկտրակայան” ԲԲԸ-ն Հայաստանում առաջին անգամ կանցկացնի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունում, որը թողարկման խորհրդատուն ու տեղաբաշխողն է, թողարկման ընդհանուր ծավալը 3 450 000 750 դրամ է: Տեղաբաշխվող բաժնետոմսերի թիվը 3 285 715 է, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը 1050 դրամ է: “Արմենբրոկում” նշել են, որ տեղաբաշխման ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում /ԿԲ/, իսկ տեղաբաշխման գործընթացն ավարտվելուն պես հայտ կներկայացվի “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսա` “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու նպատակով: Ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրումը մեկնարկել է հունվարի 10-ին եւ շարունակվելու է մինչեւ այս տարվա ապրիլի 10-ը: “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից է, որը ներկայումս բավարարում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ Սարսանգի հիդրոէլեկտրակայանի միջոցով, որը տարեկան արտադրում է 90-140 մլն ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Տեղաբախումից հավաքագրված միջոցները ուղղվելու են երեք փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը Թարթառ գետի վրա, որոնք ապահովելու են ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 85%-ը: Այս IPO-ն ԼՂՀ կառավարության կողմից էներգետիկ բնագավառում իրականացվող բարեփոխումների մի մասն է, որն ուղղված է ԼՂՀ էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովմանը: Ներկայումս ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ԼՂՀ կառավարությանը: Թողարկման ազդագիրը հասանելի է “Արցախ ՀԷԿ”-ի (www.artsakhhpp.com) եւ “Արմենբրոկի” (www.armenbrok.com )ինտերնետային կայքերում: Tweet Դիտում՝ 8384