Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունենում “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության կազմակերպած “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսը: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, կոնֆերանսի բացմանը հանդես գալով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդգծել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նման միջոցառում անցկացնելու կարեւորությունը: “Այսօր աշխարհում երկակի վերաբերմունք է ձեւավորվել կապիտալի շուկաների նկատմամբ, սակայն Հայաստանի պարագայում հարկ է դաշտ չփոխանցել համաշխարհային շուկաների հոռետեսական տրամադրությունները, այլ ընդհակառակը` փնտրել նոր ներդրումային հնարավորությւոններ”,- ասել է Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով, այն հույսերը, որոնք կառավարությունը կապում էր NASDAQ OMX միջազգային բորսային օպերատորի` հայաստանյան շուկա գալու հետ, “այսօր առավել քան ակնհայտ են”: Նախարարը նշել է, որ կապիտալի շուկայի զարգացումը նախեւառաջ եկամուտների տեղաբաշխման մեխանիզմ է, ինչը Հայաստանում դեռեւս բացակայում է: Կապիտալի շուկայի զարգացման համատեքստում Ներսես Երիցյանը շեշտել է 2009 թվականին կենսաթոշակային բարեփոխումների անցկացման, կենսաթոշակային ֆոնդերի ձեւավորման, պետական հաստատություներում եւ բորսայում գնանշվող ընկերությունների կորպորատիվ կառավարման կանոնների ներդրման, ինչպես նաեւ տնտեսական գիտելիքների հայեցակարգի զարգացման ու 1-2 տարվա ընթացքում պետության մասնակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծման կարեւորությունը: NASDAQ OMX-ի տարածաշրջանային մենեջեր Յոհան Ֆրեդհոլմը նշել է Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների աճող հետաքրքրությունը` ընդգծելով զարգացող շուկայական եւ բորսայական ենթակառույցների կարեւորությունը: Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացնելով ՀՀ կապիտալի շուկայի կառուցվածքը` Յոհան Ֆրեդհոլմն ասել է, որ 2008 թվականին նախադրյալներ են ստեղծվել շուկայի զարգացման համար` նշելով, որ այս տարի “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի” առաջնային խնդիրը լինելու է բաժնետոմսերի շուկայի զարգացումը: Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրերի թվում Յոհան Ֆրեդհոլմը նշել է բորսայում առեւտրի համար նոր հարթակների ներդրումը, երաշխիքային հիմնադրամի ու Т+3 մեթոդով վերջնահաշվարկի համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ Հայաստանի համար կորպորատիվ կառավարման օրենսգրքի ստեղծումն ու դրա ներառումը բորսայում ցուցակվելու պահանջներում, նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ առաջին IPO-ի անցկացումը: “Համաշխարհային ճգնաժամը Հայաստանի համար ֆինանսական ճգնաժամ չէ. Հայաստանի բանկային համակարգը կայուն է”,- ասել է Յոհան Ֆրեդհոլմը` նշելով,որ ճգնաժամը Հայաստանի վրա անդրադառնում է տրանսֆերտների, արտասահմանյան ներդրումների ու շինարարության ծավալների կրճատման եւ հումքի գների անկման տեսքով: “Հենց այժմ, երբ ավելի դժվար է միջոցներ ներգրավել ֆինասնավորման այլ աղբյուրներից, բաժնետոմսերի թողարկումն ավելի գրավիչ է դառնում”,- ասել է Յոհան Ֆրեդհոլմը` նշելով, որ ժամանակավոր հարկային արտոնությունները եւս խթան են հանդիսանում IPO-ի անցկացումը չհետաձգելու համար: “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Արման Փինարբասին ասել է, որ “ժամանակն է, որպեսզի Հայաստանը օգտվի կապիտալի շուկայի ընձեռած հնարավորություններից` ուսումնասիրելով այլ երկրների փորձը, եւ տեղական յուրահատկությունների օգտագործմամբ կիրառել այն Հայաստաում”: Tweet Դիտում՝ 20546