“Ամերիաբանկը” “Տրոյկա Դիալոգի” հետ համատեղ մշակել է կենսաթոշակային գումարների կառավարման ծրագիր

26.02.2009 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. գարնանը “Ամերիաբանկը” ՀՀ ներդրումային շուկայում հանդես կգա ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրով:

“Ոչ պետական կենսաթոշակային համակարգի ներդրումը կարեւորվում է նաեւ այն համգամանքով, որ այն լուծում է ոչ միայն սոցիալական խնդիր, այլեւ ապահովում է Հայաստանի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող երկարաժամկետ ներդրումներ”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում:

“Ամերիաբանկի” առաջարկած ծրագրերը կարող են լինել ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ: Առաջին դեպքում քաղաքացին ինքն է կատարում վճարումներն իր ապագա կենսաթոշակի համար, երկրորդ դեպքում մասնակցում է նաեւ գործատուն:

Ներկազմակերպական կենսաթոշակային ծրագրերը հիմնված են փոխկապակցված հավատարմագրային կառավարման հաշիվների վրա: Կազմակերպությունը  մշակում է կենսաթոշակային վճարումների ծրագիր աշխատակիցների անունով, համաձայն որի կազմակերպությունն ու աշխատակիցները կատարում են վճարներ` ըստ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: Վճարվելիք գումարները կարող են կազմել աշխատավարձի 3-15%-ը` գործատուի եւ աշխատակիցների փոխհամաձայնությամբ: Պայմանագիրը կնքելիս աշխատակիցը եւ գործատուն հստակ ամրագրում են այն դրույթները, թե աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հանգամանքը ինչպես կարող է անդրադառնալ գումարների վճարման վրա:

Գումարների կուտակման փուլում աշխատակիցների ներդրումային պորտֆելի վիճակի վերաբերյալ “Ամերիաբանկը” եռամսյակային հաշվետվություններ է տրամադրելու գործատուին եւ նրա աշխատակիցներին:

“Առաջարկվող ծրագրերը բավականին ճկուն են եւ չեն պարտադրում, որպեսզի վճարումների սկիզբը համընկնի օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքին: Բացի այդ, ծրագրերը չեն փոխարինում սոցիալական թոշակը, այլ ապահովում են հավելյալ եկամուտ”,- նշել են “Աեմրիաբանկում”:

Ներկայացված ծրագրերի շրջանակներում հավաքագրված կենսաթոշակային  գումարների կառավարման համար “Ամերիաբանկը” մշակել է հատուկ ռազմավարական ծրագիր “Տրոյկա Դիալոգ” ռուսական խոշորագույն ներդրումային ընկերության հետ համատեղ, որը հսկայական փորձ ունի կենսաթոշակային ակտիվների կառավարման գործում: Ըստ մշակված ռազմավարության` այդ գումարները սկզբնական տարիներին կտեղաբաշխվեն Հայաստանի կապիտալի շուկայում առավել վստահելի ներդրումային գործիք հանդիսացող պետական արժեթղթերում, իսկ հետագայում` արդեն բավականաչափ գումարի առկայության պարագայում, բանկը կարող է պորտֆելի մի մասը  տեղաբաշխել նաեւ նախընտրելի միջազգային արժեթղթերում:

Դիտում՝ 16152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW