Երեւան /Մեդիամաքս/. Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ տնտեսական ճգնաժամը մեծ դեր է խաղում “հայ հասարակության քաղաքական հատվածի մտածողության մեջ”: Պիտեր Սեմնեբին նախորդ շաբաթ այցելել էր Երեւան եւ մի շարք հանդիպումներ էր ունեցել ՀՀ իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այցի վերջում նա ամփոփիչ հարցազրույց էր տվել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին: “Տնտեսական ճգնաժամի ռիսկերը պարունակում են սոցիալական գործոններ, որոնք, իրենց հերթին, կարող են փոխադրվել քաղաքական դաշտ: Այդ ամենը, ցավոք, տեղի է ունենում քաղաքական բեւեռացման լույսի ներքո, որը Հայաստանում շարունակվում է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո: Հավանաբար, ամենախնդրահարույցը հենց այն է, որ հայ հասարակությունն այդպես էլ համաձայնության չի եկել այդ բարդ իրադարձություններից հետո”,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը հույս ունի աջակցություն ստանալ ԵՄ-ից համաշխարահային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման համար, Պիտեր Սեմնեբին նշել է, որ “ԵՄ-ի հետ կապված ֆինանսական ինստիտուտները, ինչպիսին է Եվրոպական ներդրումային բանկը, կարող են ֆինանսավորել կարեւոր նախագծեր”: “Խոսքը կարող է գնալ նաեւ գոյություն ունեցող ծրագրերը վերաշեշտադրելու մասին”,- նկատել է նա: Պիտեր Սեմնեբին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում Երեւանում կսկսի աշխատել ԵՄ խորհրդատվական առաքելությունը, որն ստեղծելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարի: “Այդ առաքելությունը իրենից նախեւառաջ ռեսուրս է ներկայացնում. խորհրդատուները պարտադիր կատարելի հրահանգներ չեն տալու: Նրանք գտնվելու են ՀՀ իշխանությունների տնօրինության ներքո եւ աջակցելու են այն հարցերում, որոնք իշխանությունները կարեւոր կհամարեն: Առաքելության մեջ ներգրավվելու են տարբեր ոլորտներում մեծ փորձ ունեցող մարդիկ, եւ չափազանց օգտակար կլինի, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն օգտագործել այն հենց այնպես, ինչպես մենք ենթադրում ենք: Կարծում ենք` դա կնպաստի Հայաստանի եւ նրա պետական տարբեր կառույցների մտածելակերպի` եվրոպական փորձին մերձենալուն եւ այդպիսով ՀՀ եւ ԵՄ միջեւ ավելի սերտ կապեր հաստատելուն”,- ասել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 11323