“Կոնֆերանսը որակյալ պատասխաններ տալու լավ հնարավորություն է”

24.02.2009 | 00:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Grant Thornton Amyot ընկերության բաժնետեր-տնօրեն Արման Փինարբասիի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

Փետրվարի 27-ին Երեւանում տեղի կունենա Grant Thornton Amyot ընկերության կազմակերպած “Կապիտալի շուկաները Հայաստանում” միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի նախօրեին ընկերության բաժնետեր-տնօրեն Արման Փինարբասին պատասխանել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցերին:

- Ինչպե՞ս է ծագեց այս կոնֆերանսն անցկացնելու գաղափարը:

- Գաղափարը ծնվել էր բավական վաղուց: Մի քանի տարի առաջ մեր ընկերությունը որպես խորհրդատու մասնակցում էր լոնդոնյան բորսայում ուկրաինական բանկերից մեկի IPO-ին վերաբերող նախագծին: Ապա մենք սկսեցինք կապիտալի շուկաների մասին սեմինարներ անցկացնել Հայաստանի առեւտրային բանկերի համար: Սակայն այն ժամանակ հայաստանյան ընկերությունները տեխնիկապես եւ բարոյապես պատրաստ չէին կապիտալի շուկաներ դուրս գալուն:

NASDAQ OMX-ի Հայաստան գալուց հետո մենք հասկացանք, որ ժամանակն է մեր երկրում զարգացնել արժեթղթերի շուկան եւ որոշեցինք մեծ կոնֆերանս կազմակերպել: Դրանում մեզ աջակցեցին NASDAQ OMX-ը, ՀՀ Կենտրոնական բանկն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարույթյունը: Կապիտալի շուկա դուրս գալու ներուժ ունեցող բազմաթիվ խոշոր ընկերություններ շուկայի գործիքների ու մեխանիզմների հետ կապված շատ հարցեր ունեն, եւ կոնֆերանսը դրանց որակյալ պատասխաններ տալու լավ հնարավորություն է:

- Կոնֆերանսը տեղի է ունենալու այնպիսի պայմաններում, երբ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը դանդաղ, բայց հաստատ հասնում է Հայաստան: Ի՞նչ եք կարծում` համաշխարհային ճգնաժամը կարո՞ղ է, թեկուզ հոգեբանորեն, ազդել Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման վրա: 

- Ճգնաժամն ունի մի դրական կողմ. ստեղծված իրադրությունից դուրս գալու համար պետք է շատ աշխատել, այլընտրանքներ ու նոր տարբերակներ փնտրել խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Պետք է խոստովանել նաեւ, որ մեր երկրի կապիտալի շուկաները շատ թույլ են զարգացած, եւ այդ տեսանկյունից մենք կորցնելու ոչինչ չունենք: Ավելին, ճգնաժամի պայմաններում լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու իրական հնարավորություններ են առաջանում:

- Կոնֆերանսում հիմնական թեմաներից մեկը լինելու է Հայաստանում IPO անցկացնելու թեման:

- 2008 թվականին Հայաստանի բորսայում արձանագրվել է տեղաբաշխումների աճ, սակայն դրանք կայացել են հիմնականում պարտատոմսերի տեսքով: Այսինքն, շուկայի հայաստանյան մասնակիցները փորձում են հասկանալ նոր դաշտը, եւ հնարավոր է` նրանց հաջորդ քայլը կլինի IPO-ն: Հուսով եմ, որ 2009 թվականին մենք Հայաստանում առաջին IPO-ի ականատեսը կդառնանք: 

- Կոնֆերանսում քննարկվելու է կորպորատիվ կառավարման օրենսդրության զարգացման հարցը: Հայաստանի համար այս փուլում արտասահմանյան փորձից ի՞նչն է առավել կիրառելի:

- Կան երկրներ, որտեղ կորպորատիվ կառավարումը կրում է պարտադիր բնույթ, իսկ որոշ երկրներում գործում է compile or explain սկզբունքը: Հայաստանը դեռեւս չի կողմնորոշվել, թե ո՞ր ճանապարհով կգնա: Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը աշխատում են “Կորպորատիվ կառավարման” ձեռնարկի մշակման ուղությամբ:  Կհանգեցնի՞ դա արդյոք օրենսդրական փոփոխությունների` դեռ վաղ է խոսել: Սակայն դա կօգնի հասկանալ ոլորտի կարգավորման ուղությամբ պետության մտադրությունները:

- Արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ կոնֆերանսի կազմակերպումն ու անցկացումը պահանջում է մեծ ֆինանսական ծախսեր: Ինչպե՞ս է լուծվել այդ խնդիրը:

- Համաժողովի կազմակերպմանը Grant Thornton Amyot-ից բացի` մասնակցում են նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, NASDAQ OMX Armenia-ն, AmCham-ը, USAID Financial Sector Deepening Project-ը, Հայաստանի բանկերի միությունը, Marriott Armenia հյուրանոցը եւ տեղեկատվական գործընկերները` “Մեդիամաքս” գործակալությունը, Capitalmarket.am կայքը, Business Class եւ ԲԱԶԻՍ ամսագրերը: Ֆինանսական ծախսերի մեծ մասը ստանձնել է մեր ընկերությունը, սակայն մնացած կազմակերպիչները եւս մեծ օժանդակություն են ցուցաբերել:

Դիտում՝ 25467
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW