Ֆաբրիցիո Ձարկոնեն նշանակվել է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավար

02.07.2026 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆաբրիցիո Ձարկոնե #Համաշխարհային բանկ

Ֆաբրիցիո Ձարկոնեն նշանակվել է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավարի պաշտոնը՝ միավորելով երկրում Համաշխարհային բանկի խմբի կառույցների ղեկավարությունը՝ Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածների առաջնահերթություններին առավել համապարփակ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 


ՀԲ-ից հայտնել են, որ միասնական ղեկավարման նոր ձեւաչափը կուժեղացնի Համաշխարհային բանկի խմբի կարողությունը՝ առավել համակարգված կերպով աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին՝ համադրելով պետական եւ մասնավոր հատվածներին ուղղված իր ֆինանսական ու խորհրդատվական հնարավորությունները։ Գործընկերների համար սա հնարավորություն է ստեղծում Համաշխարհային բանկի խմբի ամբողջ գործիքակազմից օգտվելու համար՝ ներառյալ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Ներդրումների երաշխավորման բազմակողմ գործակալության (MIGA) ֆինանսական եւ խորհրդատվական ծառայությունները։

Հայաստանում Համաշխարհային բանկի խումբն իրականացնում է իր հնգամյա Երկրի հետ գործընկերության շրջանակը (2025-2029), որի հիմնական ուղղություններն են ավելի շատ եւ ավելի որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը եւ տնտեսական, բնապահպանական ու սոցիալական ցնցումների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդումը։ Պետական եւ մասնավոր հատվածների հետ համատեղ աշխատանքի միջոցով Համաշխարհային բանկի խումբն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու կայուն տնտեսական աճը, ընդլայնելու մասնավոր ներդրումները եւ ստեղծելու ավելի լայն հնարավորություններ երկրի քաղաքացիների համար։

Ֆաբրիցիո Ձարկոնեն միջազգային զարգացման ոլորտում ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ։ Նախքան 2025 թվականին Հայաստանում նշանակվելը Ձարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար։ Մինչ այդ նա ղեկավարել է բանկի գրասենյակները Բուլղարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում՝ կառավարելով լայնածավալ տեխնիկական աջակցման ծրագրեր։ Նա նաեւ ղեկավարել է Կոստա Ռիկայի եւ Սալվադորի գրասենյակները՝ համակարգելով վարկային եւ խորհրդատվական ծրագրերը։ Կարիերայի ավելի վաղ փուլում Ձարկոնեն աշխատել է Մերձավոր Արեւելքում՝ համակարգելով բյուջետային աջակցության կարեւոր ծրագրեր Արեւմտյան Ափում եւ Գազայի գոտում։ Նա ունի Իսպանիայի Բիզնեսի կառավարման բարձրագույն բիզնես դպրոցի (Escuela Superior de Administración y Dirección de Empresas (ESADE)) կողմից մենեջմենթի գիտությունների դոկտորի կոչում, ինչպես նաեւ Եվրոպական տնտեսագիտության եւ իրավունքի մագիստրոսի աստիճան:
Դիտում՝ 784

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW