BSTDB-ն եւ IDBank-ը ստորագրել են €10 միլիոնի ֆինանսավորման փաթեթ

23.06.2026 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#BSTDB #IDBank

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB) եւ IDBank-ը ստորագրել են €10 միլիոնի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) եւ առեւտրի հետ կապված գործունեության աջակցման նպատակով։ 


Բանկից հայտնել են, որ փաթեթը ներառում է €9 միլիոնի վարկ՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար, ինչպես նաեւ €1 միլիոնի առեւտրի ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնվող վարկային գիծ։

Գործարքը նշանավորում է BSTDB-ի եւ IDBank-ի միջեւ համագործակցության մեկնարկը եւ արտացոլում հայկական բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանն ուղղված կողմերի հանձնառությունը։

Միավորելով ՓՄՁ-ների ֆինանսավորումն ու առեւտրի ֆինանսավորման աջակցությունը՝ գործընկերությունը նպատակ ունի նպաստել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսական աճին:

Ֆինանսավորումը հնարավորություն կտա IDBank-ին ընդլայնել հայաստանյան ՓՄՁ-ներին տրամադրվող վարկավորումը եւ աջակցել ներմուծման ու արտահանման համապատասխան գործարքներին՝ նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանն ու անդրսահմանային առեւտրին։ ՓՄՁ-ները կարեւոր դեր ունեն Հայաստանի տնտեսությունում, իսկ ֆինանսավորման հասանելիության բարելավումը բիզնեսի զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման առանցքային նախապայմաններից է։

«Ֆինանսավորման հասանելիությունը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ ՓՄՁ-ների աճի եւ մրցունակության համար։ Մենք ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ համագործակցություն սկսելով IDBank-ի հետ եւ աջակցելով հայկական բիզնեսներին այնպիսի ֆինանսավորմամբ, որը կխթանի առեւտուրը եւ կնպաստի կայուն տնտեսական գործունեությանը», - նշել է BSTDB-ի նախագահ, դոկտոր Սերհաթ Քյոքսալը:

«IDBank-ը շարունակում է ընդլայնել համագործակցությունը հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ, եւ BSTDB-ի հետ գործընկերությունը համահունչ է հայկական բիզնեսին միջազգային ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն ապահովելու մեր ռազմավարական նպատակին։ ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը կնպաստի հայկական ձեռնարկությունների աճի, շրջանառու միջոցների եւ ներդրումային կարիքների ֆինանսավորմանը, իսկ առեւտրի ֆինանսավորման գործիքը կընդլայնի IDBank-ի հնարավորությունները՝ աջակցելու կորպորատիվ հաճախորդների ներմուծման եւ արտահանման գործարքներին։ Ընդհանուր առմամբ, համագործակցությունը համապատասխանում է IDBank-ի հաճախորդակենտրոն մոտեցմանը եւ իրական տնտեսության ու միջազգային առեւտրի զարգացմանն աջակցելու մեր առաքելությանը», - ասել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը հայկական ընկերություններին կտրամադրի միջնաժամկետ ֆինանսավորում՝ աջակցելով ներդրումներին, արդիականացման ծրագրերին եւ շրջանառու միջոցների կարիքներին տնտեսության արտադրողական ոլորտներում։ Առեւտրի ֆինանսավորման գործիքը կօգնի ընկերություններին ապահովել առեւտրային հոսքերի շարունակականությունը եւ ամրապնդել իրենց հասանելիությունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներին։

IDBank-ը Հայաստանում գործող առեւտրային բանկ է, որը ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին եւ կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ։ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային բանկինգի, վճարային լուծումների եւ նորարարական ֆինանսական ծառայությունների զարգացմանը եւ գործում է ID Group էկոհամակարգի շրջանակում։

Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի կողմից։ BSTDB գլխամասային գրասենյակը գտնվում է Սալոնիկում (Հունաստան)։ BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը եւ տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, կապիտալ եւ երաշխիքներ իր անդամ երկրների պետական եւ մասնավոր հատվածների նախագծերի ու առեւտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 միլիարդ եվրո։ BSTDB-ի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են www.bstdb.org կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1409

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW