«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք ԱրարատԲանկի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ:- Պարոն Աբրահամյան, նախքան ԱրարատԲանկի ղեկը ստանձնելը, Դուք շուրջ 30 տարվա փորձ եք կուտակել ֆինանսական ոլորտում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ: Ի՞նչ զգացումներով եկաք առեւտրային բանկ եւ որքանո՞վ է Ձեր նոր կարգավիճակը տարբերվում մինչ այդ եղած կառավարման փորձից:- Վերջերս եմ ստանձնել բանկի ղեկավարի պաշտոնը։ Բավականին ոգեւորիչ եւ սպասումներով լի փուլ է, քանի որ սա նոր հնարավորություն է։ ԱրարատԲանկն ունի ձեւավորված արժեքային համակարգ, մասնագիտական փորձ եւ տարիների ընթացքում կառուցված վստահություն։ Կարծում եմ՝ ղեկավարի կարեւորագույն դերերից մեկն է պահպանել եւ զարգացնել այդ հիմքը՝ միաժամանակ կազմակերպությունն ուղղորդելով դեպի ավելի արդյունավետ, ժամանակակից եւ արագ փոփոխվող միջավայրին համահունչ զարգացման փուլ։ Առեւտրային բանկի կառավարումն ենթադրում է բավականին դինամիկ միջավայր, քանի որ յուրաքանչյուր որոշում անմիջական ազդեցություն ունի հաճախորդների վստահության, թիմի արդյունավետության եւ բիզնեսի զարգացման վրա։ Բանկը բավական երկար ժամանակ է գործում շուկայում, ունի իր հաճախորդների շրջանակը եւ աշխատաոճը, սակայն շարունակական կատարելագործումը պետք է լինի մեր աշխատանքի առանցքում։Այսօր բանկային համակարգը փոխվում է շատ արագ։ Փոխվում են հաճախորդների սպասումները, տեխնոլոգիաները, մրցակցային միջավայրը, եւ բանկերը պետք է կարողանան ոչ միայն արձագանքել այդ փոփոխություններին, այլեւ որոշ դեպքերում՝ ձեւավորել դրանք։Ինձ համար հատկապես կարեւոր է այն, որ թե՛ բաժնետերերի, թե՛ Խորհրդի հետ ունենք ընդհանուր պատկերացում բանկի ապագայի, զարգացման ուղղությունների եւ արժեքների վերաբերյալ։ Կարծում եմ՝ թիմը եւս իր առանցքային դերակատարումն ունի, եւ այդ միասնական տեսլականը հաջողության հիմնական նախադրյալներից մեկն է։ Երբ կա փոխադարձ վստահություն, ընդհանուր նպատակ եւ փոփոխություններ իրականացնելու պատրաստակամություն, առաջանում է իրական հնարավորություն՝ ստեղծելու ավելի ուժեղ, արդյունավետ եւ ժամանակակից բանկ։- Յուրաքանչյուր ղեկավար իր հետ բերում է կառավարման նոր մշակույթ եւ բիզնես մոդելի որոշակի ձեւափոխում: Այս առումով կլինե՞ն արդյոք արմատական փոփոխություններ բանկի զարգացման ընթացքում: - 21-րդ դարում անորոշությունները չափազանց մեծ են, եւ աշխարհը շատ արագ է փոխվում։ Այդ պայմաններում ցանկացած կազմակերպության, առավել եւս բանկի համար, կարեւոր է ադապտացվել փոփոխություններին, հակառակ դեպքում, վաղ թե ուշ, այն չի դիմանա մրցակցությանը եւ կդադարի գոյություն ունենալ։ Վախթանգ Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Անորոշությունների հիմքում եւս մեկ շատ պարզ պատճառ կա՝ հաճախորդների արագ փոփոխվող պահանջները։ Արդեն առիթ ունեցել եմ անձնակազմին եւ ղեկավարությանը ներկայացնելու իմ մոտեցումները։ Նոր բան չեմ ասի՝ մենք պետք է լինենք հաճախորդակենտրոն, փորձենք հասկանալ մեր հաճախորդների կարիքները եւ լավագույնս բավարարել դրանք։Դա նշանակում է առաջարկել ոչ միայն ստանդարտ, ավանդական պրոդուկտներ եւ ծառայություններ, այլեւ գործել անհատականացված մոտեցմամբ՝ բացահայտելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջը։- Դուք մասնագիտական խորացված ուսումնառություն եք անցել Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ Պետք է ենթադրել, որ Ձեր դիվանագիտական հմտությունները կիրառելի կլինեն բանկում՝ թիմային աշխատանքը գրագետ կազմակերպելու համար:- Թեեւ կրթությունը կարեւոր դեր է խաղում կառավարման կարողությունների զարգացման գործում, ժամանակակից աշխարհում ղեկավարներից պահանջվում է ավելին, քան միայն մասնագիտական գործառույթների իրականացումը։ Այսօր նրանցից ակնկալվում է ձեւավորել տեսլական, ազդել արդյունքների վրա եւ առաջնորդել կազմակերպությունները մշտապես փոփոխվող միջավայրում։Այս իմաստով կարեւոր են անձնակազմի հետ արդյունավետ աշխատելը, միջանձնային հարաբերությունների ըմբռնումը, ինչպես նաեւ հակասությունների պայմաններում կազմակերպության շահերից բխող լուծումներ գտնելու կարողությունը։ Միաժամանակ կարեւոր է մարդկանց՝ խնդիրներին նոր տեսանկյունից նայելու հնարավորություն տալը, նրանց անձնական եւ մասնագիտական զարգացումն ապահովելը, փոփոխությունների մեջ աճի եւ մարտահրավերների հնարավորություն տեսնելը, ինչպես նաեւ սխալվելու ռիսկն ընդունելի համարելը։Կարծում եմ՝ այս ամենն արտացոլում է միջազգային լավագույն փորձը կառավարման գործում։ Եվ եթե խոսում ենք տեխնոլոգիապես զարգացած բանկի մասին, ապա այդ դինամիկ փոփոխությունները, ուզենք թե չուզենք, բերելու են նաեւ անորոշություն՝ որտեղ հաջողելու են նրանք, ովքեր չեն վախենա փորձարկել նորը, երբեմն գործընթացին զուգահեռ նոր գիտելիք ստանալով ու սովորելով։- Իսկ ո՞րն է առաջնորդության մասին Ձեր տեսակետը եւ արդյոք Դուք Ձեզ առաջնորդ համարո՞ւմ եք:- Ինձ համար կարեւոր են երկխոսությունը, խիզախությունը եւ ոչ ստանդարտ մտածողությունը։ Իմ նպատակն է այս հատկանիշները սերմանել կամ բացահայտել յուրաքանչյուր աշխատակցի մեջ։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է առաջնորդ լինի՝ չվախենա նոր բան փորձելուց, անորոշության պայմաններում գործելուց եւ, ինչու չէ, նաեւ սխալվելուց։Սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնցով ինքս առաջնորդվում եմ եւ, բնականաբար, դրանք ողջունում եմ նաեւ յուրաքանչյուր աշխատակցի մոտ։- Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ համատարած թվայնացումը հանգեցնում է աշխատանքի ինտեգրմանը անձնական տիրույթ՝ խախտելով հավասարակշռությունը աշխատանքի եւ ընտանիքի միջեւ:- Սա այսօրվա կարեւոր մարտահրավերներից մեկն է, եւ այդ փոխակերպումը պետք է լինի կառավարելի ու գիտակցված։ Շատ կարեւոր է, որ տեխնոլոգիան չթելադրի մեր աշխատանքը, այլ օգնի մեզ։ Վախթանգ Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարզ օրինակ բերեմ՝ արձակուրդ գնալուց առաջ գրեթե բոլորս ընդհանուր չաթերում գրում ենք՝ «հասանելի եմ»։ Այսինքն՝ մշտապես հասանելի լինելու մշակույթն արդեն իսկ խախտում է աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ հավասարակշռությունը։ Այն ընկալումը, թե «ես լավ աշխատող եմ, եթե մշտապես հասանելի եմ», չեմ կարծում, որ ի շահ կազմակերպության կամ աշխատակցի է։ Իհարկե, խոսքը ծայրահեղությունների մասին չէ․ հրատապ դեպքերում միշտ կարող ենք արձագանքել, բայց գիշերը, երեկոյան կամ արձակուրդի ընթացքում մշտապես հասանելի լինելը բոլորովին այլ հարց է։Այս առումով, ղեկավարի հիմնական խնդիրներից մեկը գործընթացների անընդհատությունն ու փոխարինելիությունն ապահովող աշխատանքի կազմակերպումն է։ Միեւնույն ժամանակ կարեւոր է հասկանալ աշխատակցի՝ աշխատանքից դուրս կարիքները եւ հնարավորություն տալ դրանց իրագործմանը։Հետեւաբար, մարտահրավերը կա, սակայն կարեւոր է այն կառավարել այնպես, որ տեխնոլոգիան ծառայի մեզ, ոչ թե հակառակը։- Արհեստական բանականությունը (ԱԲ) դարձել է մեր օրերի ամենաթրենդային թեման: Ի՞նչ կարծիք ունեք բանկային ոլորտում ԱԲ-ի ինտեգրման հարցում՝ հաշվի առնելով նաեւ թվային ֆինանսների ոլորտում Ձեր ունեցած աշխատանքային փորձը:- Արդեն իսկ ականատեսն ենք արհեստական բանականության առկայությանը մեր առօրյայում: Ֆինանսական ոլորտը եւս բացառություն չէ։ Այն կիրառվում է թե՛ հաճախորդների սպասարկման մեջ, օրինակ՝ ստանդարտ հարցուպատասխանի չաթ-բոտերի միջոցով, թե՛ շատ ավելի բարդ վերլուծական հարթակներում։ Այս առումով կա երկու կարեւոր խնդիր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը՝ տվյալների որակն է: Դա առանցքային գործոններից մեկն է, քանի որ թե՛ մեզ մոտ, թե՛ աշխարհում այդ հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Տվյալների կառավարումը կամ «data governance»-ը առանցքային նշանակություն ունի՝ որակյալ տվյալների հիման վրա արդյունավետ արհեստական բանականության մոդելներ գործարկելու համար։Մյուս կողմից՝ պետք չէ գերագնահատել արհեստական բանականության դերը։ Ես հաճախ ասում եմ, որ այստեղ ամենակարեւորը «արհեստական» բաղադրիչն է, որովհետեւ այն դեռ շատ հեռու է մարդկային բանականությունից։ Այսինքն՝ խոսքն ավելի շատ մարդկային ֆիզիկական եւ վերլուծական սահմանափակումները հաղթահարելու մասին է՝ ավելի արագ, ավելի ուշադիր գործելու հնարավորություն տալու, ինչպես նաեւ օրինաչափություններ բացահայտելու եւ մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու տեսանկյունից։ Սակայն ստեղծագործական բաղադրիչը, այն, ինչը մարդուն տարբերում է արհեստականից, դեռեւս հաղթահարված չէ եւ, կարծում եմ, երկար ժամանակ, եթե ոչ երբեւէ, չի հաղթահարվի։- Իսկ ինչպե՞ս շարժվել առաջ, երբ մարտահրավերները մեր օրերում հաջորդում են մեկը մյուսին:- Այսօր հիմնական մարտահրավերներից մեկը, թերեւս, անորոշությունն է։ Եթե նախկինում հնարավոր էր երեք տարվա պլան կազմել, իսկ ճգնաժամերը բացառություն էին, ապա այսօր մեկ ճգնաժամից մյուսին ենք անցնում։ Սա պետք է դիտարկել նաեւ միջազգային համատեքստում, քանի որ այդ գործընթացները զգալիորեն ազդում են ֆինանսական աշխարհի վրա։ Ուստի, առաջ շարժվելու հիմնական գրավականներից մեկը շարունակական կատարելագործումն է։ Կարեւոր է նաեւ անորոշության պայմաններում աշխատելու եւ որոշումներ կայացնելու կարողությունը, ինչպես նաեւ ճկուն եւ ոչ ստանդարտ մտածողությունը։- Փողը կամ տիրում է տիրոջը, կամ ծառայում նրան. ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսույթը: - Համաձայն չեմ այս արտահայտության հետ։ Եթե մեխ մեխելու համար մուրճ է պետք, ապա փողն էլ է անհրաժեշտ որոշ նպատակների հասնելու համար։ Եթե մարդը թույլ է տալիս, որ փողը դառնա նպատակ, այլ ոչ թե գործիք, բնականաբար, դա ընդունելի չէ, ցավոք, երբեմն նման երեւույթների ականատես ենք լինում։Իմ ընկալմամբ՝ փողը, ինչպես ցանկացած գործիք, ունի իր դերն ու նշանակությունը՝ լինի նախագծեր իրականացնելու, թե նպատակներին հասնելու համար։ Սակայն այն երբեք չպետք է ուղղորդի մարդու վարքագիծը։Այս սկզբունքն ու բաժանարար գիծը, կարծում եմ, պետք է ընդունել որպես հիմք։- Աշխատանքից դուրս յուրաքանչյուրն ունի իր նախընտրած զբաղմունքները, որոնք օգնում են լիցքաթափվել եւ նոր ուժ ստանալ․ որո՞նք են դրանք Ձեր դեպքում։- Չեմ կարծում, որ այս հարցում շատ կտարբերվեմ մյուսներից։ Ընտանիքը, անշուշտ, այն կարեւոր միջավայրն է, որտեղ կարելի է կտրվել առօրյա աշխատանքային թոհուբոհից եւ ավելի հանգիստ ու էմոցիոնալ դրական միջավայրում լինել։ Ճամփորդելն ինձ համար եւս շատ կարեւոր միջոց է լիցքաթափվելու համար՝ այն տարբեր մշակույթների հետ շփվելու եւ մշտապես նորը բացահայտելու հնարավորություն է տալիս։Ընթերցանությունն էլ իմ սիրելի զբաղմունքներից է։ Նախապատվությունը տալիս եմ ինքնազարգացման մասին գրքերին։ Շատ եմ հավանում Ադամ Գրանտին՝ որպես հեղինակ։ Նաեւ New York Times-ի եւ WallStreet Journal-ի թոփ 10 բեսթսելլերների ցանկերում եմ հաճախ գտնում ինքնազարգացմանն ուղղված հետաքրքիր վերլուծություններ եւ մտածելու առիթ տվող նյութեր։- Պարոն Աբրահամյան, այս հարցազրույցի շրջանակում հնարավորություն ունեք դիմելու ԱրարատԲանկի աշխատակիցներին եւ հաճախորդներին: - Աշխատակիցներին արդեն դիմել եմ (ծիծաղում է, հեղ.)։ Տեխնոլոգիաների շնորհիվ ունենք այնպիսի հաղորդակցության հնարավորություններ, որոնք թույլ են տալիս շփվել յուրաքանչյուր աշխատակցի հետ, եւ յուրաքանչյուրն էլ կարող է կապ հաստատել ինձ հետ։ Աշխատակիցներին արդեն ներկայացրել եմ իմ տեսլականն ու հիմնական սկզբունքները, ունեմ հետադարձ կապ։ Սա շարունակական գործընթաց է, որի միջոցով պետք է զարգանանք՝ միմյանցից սովորելով։ Վախթանգ Աբրահամյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե կարճ ներկայացնեմ, հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը կազմակերպության զարգացման գործում, եւ ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, քանի որ գաղափարները կարող են ծնվել ցանկացած մակարդակում։Ինչ վերաբերում է բանկի հաճախորդներին, ինձ համար կարեւոր է լսելի դարձնել յուրաքանչյուր հաճախորդի ձայնը՝ անկախ նրանից՝ կլինի կատարելագործմանն ուղղված դիտողություն, բողոք, թե առաջարկ։ Հաճախորդակենտրոն լինելը մեր ռազմավարության հիմնական սյուներից մեկն է լինելու, եւ այդ առումով անհատականացված ֆինանսական ծառայությունների ձեւավորումն ու առաջարկը մեր առաջնային ուղղություններից է։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 5444