ՊԵԿ-ն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել՝ երիտասարդ մասնագետների զարգացման համար

12.05.2026 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵՊՀ

Պետական եկամուտների կոմիտեի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցությունն ամրագրվել է համատեղ փաստաթղթով, որով  ուղենշվել են առաջիկա տարիների գործակցության առաջնահերթությունները։ 


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի միջեւ։ Հուշագրի նպատակն է ամրապնդել գործատու–բուհ համագործակցությունը՝ ստեղծելով կրթության եւ մասնագիտական փորձառության զարգացման արդյունավետ հարթակ։ 

ՊԵԿ-ից հայտնել են, որ համագործակցությունը միտված է ուսանողների գործնական կարողությունների զարգացմանը եւ պետական կառավարման համակարգում նորարար նախաձեռնությունների խթանմանը։

«Համագործակցության հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ, այլեւ նոր մտածողության եւ նոր ճանապարհի մեկնարկ՝ համահունչ այն արժեքային վերափոխումներին, որ այսօր իրականացվում է ՊԵԿ-ում՝ տեսլականի եւ առաքելության հիմքով։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ՊԵԿ համագործակցությունը դառնում է ոչ միայն կրթական, այլեւ անմիջական շփման եւ նոր նախաձեռնությունների հարթակ։ ՊԵԿ-ում մեծ կարեւորություն ենք տալիս երիտասարդ մասնագետների ներգրավմանը, քանի որ հենց նոր սերունդն է ձեւավորում նորարար մտածողություն եւ պետական համակարգի զարգացման ապագան», - ասել է Էդուարդ Հակոբյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է պետական հատվածի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ մայր բուհը պետությունից առանձին կառույց չէ, այլ պետական համակարգի մի մաս, որի առաքելությունն է որակյալ կրթությամբ նպաստել երկրի եւ մասնավոր հատվածի առաջընթացին, եւ այդ տեսանկյունից՝ ՊԵԿ-ը կարեւոր գործընկեր է համալսարանի համար, քանի որ ԵՊՀ ուսանողներից շատերը հենց աշխատանք են գտնում ՊԵԿ–ում։

Համագործակցության շրջանակում կիրականացվեն պրակտիկաներ, փորձնակության ծրագրեր, կրթական ու գիտական համատեղ նախաձեռնություններ, սեմինարներ եւ մասնագիտական այլ միջոցառումներ՝ նպաստելով ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիքների եւ գործնական փորձի համադրմանը։
Դիտում՝ 704

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW