Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարել է Կանադա-Եվրասիական առեւտրատնտեսական պալատին (CECTE) պաշտոնական անդամակցության մասին:ԶՊՄԿ-ից հայտնել են, որ այս անդամակցությունը կարեւոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման եւ կանադական ու եվրասիական բիզնես համայնքների հետ համագործակցության ընդլայնման գործում։Փետրվարի 26-ին կայացած պաշտոնական արարողության ժամանակ CECTE-ն ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) հետ եւ ողջունել է ԶՊՄԿ-ին՝ որպես պալատի նոր անդամ։ՀՀՄԱ-ի նախագահ եւ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը կարեւորել է միջազգային համագործակցությունը, որն «ուղղված է լավագույն փորձի ներդրմանը եւ կիրառմանը»:«Կանադան հանքարդյունաբերության առաջատար ուղղություններից է եւ գտնվում է ոլորտի արդիականացման ու լավագույն փորձի կիրառման առաջնագծում։ Մենք տեսնում ենք այս համագործակցության զգալի ներուժը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի համար՝ հատկապես հանքային հարստությունը ժողովրդի շահերին ծառայող, կայուն եւ արդյունավետ կառավարվող բիզնես ակտիվների վերածելու հարցում կանադական փորձի ուսումնասիրության եւ կիրառման տեսանկյունից», - նշել է Վարդան Ջհանյանը:«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի անդամակցությամբ մեր Պալատին եւ Հայկական հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ասոցիացիայի հետ մեր գործընկերության մեկնարկով մենք բացում ենք հայ–կանադական բիզնես համագործակցության նոր էջ։ Հանքարդյունաբերությունն ու մետալուրգիան մեր Պալատի առանցքային ոլորտներից են, եւ համադրելով Կանադայի լայն փորձը Հայաստանի զգալի ներուժի հետ՝ մենք կարող ենք միասին հասնել նոր եւ նշանակալի արդյունքների։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ ապագա համագործակցության հնարավորությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ողջունելով ԶՊՄԿ-ի անդամակցությունը Պալատին՝ ասել է CECTE-ի նախագահ դոկտոր Վարդգես Ավագյանը:«Այս անդամակցության միջոցով ԶՊՄԿ-ն նպատակ ունի ակտիվորեն մասնակցել CECTE-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին, բիզնես ֆորումներին եւ ցանցային հարթակներին՝ նպաստելով պատասխանատու ռեսուրսների զարգացման, նորարարության եւ ներդրումային հնարավորությունների վերաբերյալ երկխոսությանը: Համագործակցությունը միաժամանակ նպաստում է Հայաստանի տեսանելիության բարձրացմանը համաշխարհային հանքարդյունաբերական եւ բիզնես ցանցերում»,- ասվում է ԶՊՄԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 390