Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում առաջին թվային բորսայական ցանցի՝ «Tabadul Hub»-ի հյուրընկալությամբ կազմակերպել էր «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ներդրումային ֆորումը։Աբու Դաբիի բորսայում (ADX) կայացած միջոցառումը կարեւոր փուլ է դարձել AMX-ի շարունակվող ջանքերում՝ Հայաստանի կապիտալի շուկան տարածաշրջանային եւ միջազգային ներդրումային էկոհամակարգի հետ ինտեգրելու գործում։«Ֆորումը ծառայել է որպես բացառիկ հարթակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) եւ Մերձավոր Արեւելքի ինստիտուցիոնալ ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը։ Պատվիրակությունը շեշտադրել էր «Tabadul Hub»-ի միջոցով երկու շուկաների միջեւ ստեղծված այն «կամուրջը», որը հնարավորություն է տալու իրականացնել անխափան առեւտուր ֆինանսական գործիքների լայն շրջանակով, այդ թվում՝ պետական պարտատոմսերի եւ արտարժույթի շուկաներում», - ասվում է հաղորդագրությունում:«ADX-ի եւ Tabadul Hub-ի հետ մեր գործընկերությունը պարզապես տեխնիկական կապ չէ․ դա ռազմավարական կամուրջ է, որը միավորում է շուկաները, տարածաշրջանները եւ ներդրողներին։ Մենք այստեղ հավաքվել ենք շուկայի մասնակիցների հետ՝ այս կամուրջը գործնականում օգտագործելու եւ կայուն ու մրցունակ ներդրումային էկոհամակարգ կառուցելու համար։ Բարդ կարգավորող եւ գործառնական մարտահրավերները վերածելով անխափան էկոհամակարգի՝ մենք դուրս ենք գալիս մեկուսացված համակարգերի շրջանակից՝ ստեղծելով երկարաժամկետ աճի շարժիչ: Հայաստանի կառավարության անվերապահ աջակցությամբ մենք հանձնառու ենք Հայաստանը դիրքավորել որպես հուսալի, բաց եւ միջազգայնորեն կապակցված ուղղություն համաշխարհային կապիտալի համար»,- ֆորումին ասել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: «Tabadul հարթակը ADX-ի հանձնառության շարունակությունն է՝ խթանելու կապիտալի շուկաների ինտեգրումն ու տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս ֆինանսական համագործակցության ամրապնդումը։ AMX‑ը միացել է Tabadul-ին մոտ ութ ամիս առաջ, եւ մենք նկատում ենք մեծ հետաքրքրություն նրանց շուկայի նկատմամբ։ Միավորելով շուկաներն ու ներդրողներին՝ մենք արտասահմանյան ներդրումները դարձնում ենք ավելի հասանելի եւ նշանակալի ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար»,- նշել է ADX խմբի գլխավոր տնօրեն Աբդուլլա Սալեմ Ալնուայիմին:Ֆորումի ընթացքում քննարկվել են ներդրումային հնարավորությունների ավելացման, նոր բրոքերային կապերի եւ տարածաշրջանային իրացվելիության զարգացման վերաբերյալ հարցեր: Tweet Դիտում՝ 837