«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) եւ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝• 2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ։Այս դեպքում ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել եւ պահել 2025թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով մինչեւ 2026թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարեւոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1–ից։ Եթե հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար վճարել։• 2026 թ․ հունվարից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որեւէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ։ Ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել, պահել եւ ՀՀ պետական բյուջե վճարել համապատասխան ամսվան հաջորդող ամսվա եւ դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Կարեւոր է իմանալ, որ այս կետում ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:Մինչեւ 18 տարեկան, ինչպես նաեւ 65 եւ բարձր տարիքի ՀՀ քաղաքացի վարձու աշխատողների համար գործատուի կողմից ապահովագրավճար չի հաշվարկվում։ Ապահովագրավճար չի հաշվարկում նաեւ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից։Հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուից աշխատավարձ ստացողներն ապահովագրավճարները հաշվարկում եւ վճարում են ինքնուրույն։Նշվում է, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած՝ ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչեւ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ եւ ավելի աշխատավարձի դեպքում՝ 10 800 դրամ։Եթե անձն աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա յուրաքանչյուր գործատու ապահովագրավճարը հաշվարկում եւ փոխանցում է ՀՀ պետական բյուջե իր կողմից վճարվող աշխատավարձից։ Միաժամանակ, ապահովագրավճարի ամսական դրույքաչափը գերազանցող վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապահովագրավճար վճարողներ են համարվում նաեւ ՀՀ-ում հաշվառված այն անհատ ձեռնարկատերերն ու նոտարները, որոնք 2025 թվականին ունեցել են 2 400 001 ՀՀ դրամ եւ ավելի համախառն եկամուտ (իրացման շրջանառություն)։ Նշված անձինք ապահովագրավճարը, որը տարվա կտրվածքով կազմում է 129.600 ՀՀ դրամ, պարտավոր են վճարել ինքնուրույն՝ մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ։ ԱՁ-ներն ու նոտարներն ապահովագրված անձի կարգավիճակը ձեռք են բերում համապատասխան հարկային հաշվարկը ներկայացնելուց եւ ապահովագրավճարի ամբողջական վճարումից հետո՝ վճարման օրվան հաջորդող ամսվա 1-ից։Առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փաստաթղթում։ Tweet Դիտում՝ 406