Հայաստանի գյուղական եւ թերսպասարկվող բնակավայրերում կբարելավվի ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի հասանելիությունը, կստեղծվեն աշխատատեղեր, կխթանվի տնտեսական աճը եւ կբարձրացվի ջրաապահովությունը եւ դիմակայունությունը ծայրահեղ եղանակային պայմաններին։Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է «Ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (Water and Irrigation Services Enhancement) առաջին փուլը, որի գործողության ժամկետը 2025-ից 2031 թթ. է, ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) $80 միլիոնին համարժեք վարկը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության, Եվրամիության եւ ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորումը՝ $185 միլիոնին համարժեք ընդհանուր գումարով։ Առաջիկա 10 տարվա ֆինանսավորման ընդհանուր փաթեթը կկազմի $435 միլիոն, այդ թվում՝ $330 միլիոնի ֆինանսավորում ՎԶՄԲ-ից։«Ծրագրով կֆինանսավորվեն Հայաստանում ջրային ռեսուրսները կառավարող հաստատությունների եւ քաղաքականություններին համալիր բարեփոխումներ։ Այն ներառում է ոռոգման ծառայությունների բարելավումներ եւ ջրամատակարարման հուսալի ծառայությունների ընդլայնում գյուղական ընտրված բնակավայրերում», - ասել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Նա նշել է, որ ծրագրով կբարելավվի Հայաստանի գյուղացիական տնտեսությունների եւ գյուղական համայնքների կյանքի որակն ու տնտեսական կայունությունը.«Ներդրում անելով ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերում՝ քաղաքականությունների եւ հաստատությունների բարեփոխման հետ մեկտեղ, ծրագիրը կօգնի նաեւ այնպիսի մարտահրավերների մեղմմանը, ինչպիսիք են երաշտները, հեղեղումները եւ ծայրահեղ շոգը»։ Tweet Դիտում՝ 1150