Evocabank-ը եւ ՎԶԵԲ-ը համագործակցության համաձայնագրեր են ստորագրել

15.05.2025 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ՎԶԵԲ
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) եւ Evocabank-ը ստորագրել են համաձայնագրեր՝ ուղղված Հայաստանի ձեռնարկություններին աջակցություն տրամադրելուն եւ կանաչ տնտեսությանն անցմանը:

€19.4 միլիոնի ֆինանսական փաթեթը համաձայնեցվել է ՎԶԵԲ-ի Ֆինանսական հաստատությունների գծով Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժի եւ Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի միջեւ Լոնդոնում՝ ՎԶԵԲ-ի 2025թ. տարեկան հանդիպման եւ Գործարար համաժողովի ընթացքում: Այս գործարքն առաջին համագործակցությունն է ՎԶԵԲ-ի եւ Evocabank-ի միջեւ:

Գործարքը բաղկացած է երեք մասից.

•    Մինչեւ €10 միլիոն վարկ՝ նախատեսված միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման համար, որը կօգնի տեղական բիզնեսներին ընդլայնվել եւ ամրապնդել իրենց կայունությունը,
•    ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման գործիքի (GEFF) շրջանակում մինչեւ €5 միլիոնի միջոցներ, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) եւ Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) կողմից, ինչը կօգնի բիզնեսներին ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության տեխնոլոգիաների մեջ, որոնք կբարելավեն արտադրողականությունը եւ կնվազեցնեն շահագործման ծախսերը,
•    €4 միլիոնի առեւտրային ֆինանսավորման գիծ ՎԶԵԲ-ի Առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում, որը կբարելավի առեւտրային հոսքերը եւ տեղական բիզնեսներին հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ՝ ավելի ամուր միջազգային առեւտրային կապերի միջոցով։

«Evocabank-ի հետ մեր համագործակցությունը կարեւորագույն դեր է խաղալու Հայաստանի տնտեսության այն սեգմենտների համար, որոնք բավարար ֆինանսական միջոցներ չեն ստանում, միեւնույն ժամանակ նպաստելու է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք ուրախ ենք ողջունել Evocabank-ին՝ որպես Հայաստանում մեր նոր գործընկեր»,- ասել է Ֆրանսիս Մալիժը:

«Evocabank-ը հպարտությամբ է միանում ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերի շարքին: Այս համագործակցությունն ամրապնդում է մեր հնարավորությունները` աջակցելու Հայաստանի ձեռներեցներին եւ բիզնեսներին՝ խթանելով նորարարությունը, կայունությունը եւ մուտքը միջազգային շուկաներ»,- ասել է Կարեն Եղիազարյանը:

Հայաստանում իր գործունեության ծավալման օրվանից ի վեր (1992թ.)՝ ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան €2.5 միլիարդ 224 նախագծում, որոնք իրականացվել են Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում, որից 84%-ն ուղղվել է մասնավոր ոլորտ:
Դիտում՝ 8376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW