ԿԲ. Ռուսաստանից Հայաստան ոչ առեւտրային դրամական փոխանցումներն աճում են

06.05.2025 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #փոխանցումներ
2025 թ. 1-ին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակել է թուլանալ՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը:

Կենտրոնական բանկից հայտնել են, որ աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության եւ ծառայությունների ճյուղերը: Կենտրոնացվածությունը հատկապես ծառայությունների առանձին ճյուղերում որոշակիորեն մեղմվել է, սակայն դեռեւս մնացել բարձր: Որոշակի դրական ազդակներ են նկատվում նաեւ մշակող արդյունաբերության ճյուղում, հատկապես դրա առանձին ենթաճյուղերում, թե՛ թողարկման եւ արտահանման ծավալների աճի, եւ թե՛ արտադրական կարողությունների ընդլայնման տեսանկյունից:

Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված՝ համախառն առաջարկի եւ համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ անորոշությունը պահպանվում է:

«2022 թվականից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկն աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի նվազմամբ եւ զբոսաշրջիկների իրական ծախսերի ճշգրտմամբ: Մյուս կողմից, վերջին շրջանում, որոշակիորեն աճում են ՌԴ-ից դեպի Հայաստան ոչ առեւտրային դրամական փոխանցումները՝ պայմանավորված ինչպես ՌԴ տնտեսությունում, հատկապես դրա առանձին ճյուղերում եկամուտների շարունակական իրական բարձր աճով, այնպես էլ ռուբլու անվանական արժեւորմամբ: Այս համատեքստում, ռուբլու փոխարժեքի՝ ընթացիկ մակարդակներում երկար պահպանումը կամ ռուսուկրաինական հակամարտության մոտալուտ հանգուցալուծման սցենարի պարագայում դրա հետագա արժեւորումը կարող է մեծացնել ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի շարժառիթները:

Մյուս կողմից, Ռուսաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների վերաբերյալ բարձր անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են զսպող գործոններ հանդիսանալ:

Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ներմուծման, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության եւ ծառայությունների դեռեւս բարձր աճերը կարող են վկայել ձեւավորված ներքին բարձր պահանջարկի մասին: Մյուս կողմից՝ դեռեւս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը եւ դրա տեմպերի դանդաղումը կարող են մատնանշել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի ձեւավորման ռիսկերի մասին: Պահպանվում են նաեւ ներքին պահանջարկի հեռանկարի վերաբերյալ անորոշությունները: Դա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը եւ կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում, խնայողությունների օգտագործման ուղղությունից եւ վարկավորման զարգացումներից կախված, համախառն առաջարկի եւ պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել:

Պահպանվում է բարձր անորոշությունը հարկաբյուջետային քաղաքականության՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության շուրջ: Վերջինս, չնայած հարկային եկամուտների ընթացիկ բարձր կատարողականներին, հիմնականում պայմանավորված է 2025 թվականին հարկային եկամուտների հնարավոր ծրագրի թերակատարման եւ, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով: Մյուս կողմից, առարկայական են նաեւ կապիտալ ծախսերը թերակատարելու, ինչպես նաեւ դրանց կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ պահանջարկի վրա ավելի զսպող ազդեցություն ունենալու ռիսկերը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW