2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է՝ մարտին կազմելով 3.3%: Միաժամանակ, 12- ամսյա բնականոն գնաճը եւս որոշակի ավելացել է՝ դեռեւս պահպանվելով թիրախից ցածր՝ 2.0% մակարդակում: 2025 թ․ երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում, զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են: ԱՄՆ տնտեսական քաղաքականության, հատկապես առեւտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում, միջազգային ապրանքահումքային շուկաներում ձեւավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր: Մյուս կողմից՝ միջազգային առեւտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման եւ համաշխարհային գնաճային ռիսկերը պահպանվում են: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները:Այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռեւս պահպանվող խիստ պայմանները եւ ընդհանուր բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները:2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միեւնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ:Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են գնաճային ռիսկեր: Քննարկված ռիսկերի եւ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, Խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ: Մի կողմից՝ քննարկվել են սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած անորոշությունները, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական եւ ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի եւ դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատեւ պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետեւանքով աճի կրճատման եւ ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձեւավորման հետ: Դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար: Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարեւորելով նաեւ Ա տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 06.05.2025 | 12:07 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար: Tweet Դիտում՝ 2544