Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ. ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից իրականացված անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն, Երեւանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են Կոտայքը, Արարատը եւ Արմավիրը, որտեղ հատկապես բարձր է եղել բնակելի շինությունների եւ հողատարածքների վաճառքի գործարքների թիվը։Գործարքների հիմնական միտումները2024 թվականին առաջնային գրանցման գործարքներն աճել են 30.44%-ով, իսկ գրավադրման եւ օտարման գործարքները՝ համապատասխանաբար 18.77% եւ 9.34%-ով։ Միեւնույն ժամանակ, օրինականացման գործարքների թիվը փոքր-ինչ նվազել է՝ 1.28%-ով։Անշարժ գույքի առուվաճառքի ակտիվությունը հատկապես բարձր է եղել Երեւանում, որտեղ կոմերցիոն եւ բնակելի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը շարունակել է աճել՝ պայմանավորված ինչպես ներդրումային ակտիվությամբ, այնպես էլ քաղաքաշինական ծրագրերով։Շուկայի դինամիկան եւ գների փոփոխություններըԲազմաբնակարան շենքերի բնակարանների վաճառքի գործարքները 2024 թվականին աճել են 24.64%-ով՝ պայմանավորված եկամտահարկի վերադարձման ծրագրի ավարտով, ինչը մեծացրել է բնակարանների նկատմամբ պահանջարկը։ Մինչդեռ, օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացված անշարժ գույքի գործարքների թիվը նվազել է, ինչը հնարավոր է պայմանավորված է տնտեսական եւ քաղաքական գործոններով։Գների փոփոխությունների առումով 2024 թվականին Երեւանի եւ մարզկենտրոնների բնակարանների 1 քմ-ի միջին արժեքը շարունակել է աճել՝ թեեւ ավելի դանդաղ տեմպերով։ Մեծամորում, Սեւանում եւ Ջերմուկում գների աճը գերազանցել է 20%-ը, ինչը պայմանավորված է զբոսաշրջային եւ ներդրումային ակտիվության աճով։«2024 թվականի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը մեծապես պայմանավորված էր կարճաժամկետ խթաններով, ինչպիսիք են հարկային արտոնությունների ավարտը։ Այս համատեքստում կարեւոր է երկարաժամկետ վերլուծությունը, որը թույլ կտա գնահատել շուկայի կայուն զարգացման հեռանկարները եւ կանխատեսել հետագա միտումները»,- ասվում է զեկույցում:Ամբողջական վերլուծությունը հասանելի է երկու լեզվով: Tweet Դիտում՝ 3146