Կառավարությունն ընդունել է որոշում, որով անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար կհատկացվի 121,5 մլն դրամ:Կառավարության նիստում որոշվել է, որ գումարը կհատկացվի պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից: Ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: Նշվում է, որ 2025 թ. միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 33 մլրդ 45 մլն դրամ: Ըստ հիմնավորման՝ գնահատականների հիմքում դրվում է այն ենթադրությունը, որ շահառու թիրախային խումբը չունի բարձր մրցունակություն մասնագիտական աշխատաշուկայում, հետևաբար վերջիններիս ֆորմալ զբաղվածության արդյունքում միջին ամսական աշխատավարձը կլինի ավելի ցածր, քան ՀՀ-ում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն է (ըստ ԱՎԾ վերջին հրապարակման՝ 2023 թ. այն կազմել է 269,994 դրամ)։ Հաշվարկի շրջանակում առաջարկվում է կիրառել 25% դիսկոնտի չափը, ըստ այդմ, 1 շահառուի գծով միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի՝ 202,495 դրամ (269,994 - 25%)։ Տվյալ ցուցանիշի գծով առաջացող եկամտային հարկը կկազմի 40,500 դրամ։ Քանի որ շահառուի կողմից վճարված եկամտային հարկի 100%-ն ուղղվելու է վարկային պարտավորության մարմանը, ապա 1 շահառուի գծով ամսական ֆինանսական աջակցության չափը կկազմի 40,500 դրամ: Tweet Դիտում՝ 3245