web3 համայնքը կոչ է անում չընդունել կրիպտո ոլորտի օրենքի նախագիծը
05.03.2025 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ REUTERS

Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ կառավարության հավանությանն արժանացած կրիպտո ոլորտի օրենքի նախագծի վերաբերյալ ՝ ԱԺ խմբակցություններին կոչ անելով դեմ քվեարկել օրինագծին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին եւ ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետեւողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր եւ ոչ բնավ Հայաստանի։
Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։ Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա համարվող բլոկչեյնի շուկայում։ Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։ Քաղաքացիները կունենան կորուստներ՝ հօգուտ բանկերի, ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ չեն գրանցվի։
Կոչ ենք անում Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին եւ նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության եւ քաղաքացիների շահը»:
Ս.թ. փետրվարի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերի բացասական հետեւանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ օրինագիծը կրիպտոարժույթների ոլորտը կարգավորելու առաջին փորձն է.
«Այս կարգավորումը չի լինելու կատարյալ: Փորձել ենք այն մի քիչ էլ դարձնել կատարյալ. այն չի դարձել կատարյալ ու չի դառնալու, բայց մենք պետք է մտնենք՝ ոլորտը կարգավորելու: Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը հենց հընթացս պետք է գիտելիք ձեռք բերի կրիպտոարժույթի մասին: Անհրաժեշտ է ոլորտը կարգավորել, հնարավորինս ամբողջական գիտելիք ձեռք բերել կրիպտրոարժույթների մասին եւ պետք է հնարավորինս ամբողջական քաղաքականություն որդեգրել դրա մասին: Սա շատ կարեւոր քայլ է, որը պետք է համարձակորեն եւ վճռական կերպով անել այն տրամաբանությամբ, որ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Այն շատ համակարգային եւ խաչմերուկային թեմա է, որովհետեւ առնչվում է բազմաթիվ հարցերի»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել էր, որ այլընտրանք չկա եւ պետք է գնալ այս քայլին.
«Սա չանելը ենթադրում է մեծ խոցելիություն եւ՛ ֆիսկալ համակարգի համար, եւ՛ արժութային կարգավորման, եւ՛ վճարահաշվարկային համակարգի համար: Այդ իմաստով ես կարծում եմ, որ այս մեկնարկը ճիշտ է: Ըստ խնդիրների՝ փոփոխություններով, լրացումներով ու լավարկումներով կունենանք այնպիսի կարգավորում, որը որեւէ կերպ չի խոչընդոտելու ոլորտի զարգացումը, բայց նաեւ չի վնասելու մեր գործող կարգավորումների եւ համակարգերի աշխատանքը»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: