Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քյազիմովը ասել է, որ «աշխարհաքաղաքական լարվածությունը հետեւանքներ ունի Ադրբեջանի ֆինանսական համակարգի վրա»։Ինչպես հաղորդում է Trend-ը, ելույթ ունենալով «Ֆինանսական համակարգի կայունությունը զարգացող շուկաներում» պանելային քննարկման ժամանակ Էր Ռիադում, Թալեհ Քյազիմովը ներկայացրել է հետեւանքներից երեքը:«Առաջինը եւ ամենակարեւորը համաշխարհային գնաճն է եւ դրա ազդեցությունը Ադրբեջանում գնաճի վրա: Երկրորդը փոփոխություններն են հաշվարկների միջազգային համակարգում։ Եվ երրորդը՝ կարգավորող միջավայրը»,- նշել է նա։Քյազիմովը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում գնաճի մակարդակը հասել էր 15,6%-ի։«Մինչեւ 2024 թվականի վերջը մեզ հաջողվեց այն իջեցնել մինչեւ 4,9%։ Մեր կանխատեսումը ցույց է տալիս, որ հաշվի առնելով անորոշությունները, այս տարի գնաճը կկազմի 5,5%, իսկ հաջորդ տարի կլինի 3,8% սահմաններում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, մենք գտնվում ենք Կենտրոնական բանկի թիրախային դիապազոնում։Մենք գնաճ ենք ներմուծում։ Մեր առեւտրային գործընկերների մոտ վերջին երեք տարիներին միջին տարեկան գնաճը կազմել է 15,8%: Որպես ուղեցույց օգտագործելով կայուն փոխարժեքի խարսխի ռեժիմը՝ մեզ հաջողվել է զսպել գնաճը՝ ուժեղացնելով անվանական արդյունավետ փոխարժեքը։ Անվանական արդյունավետ փոխարժեքի միջին տարեկան ամրապնդումը կազմել է 13%, ինչը մեզ զգալի առավելություն է տվել ներկրվող գնաճի դեմ պայքարում»,- նշել է ԿԲ նախագահը։Խոսելով հաշվարկների միջազգային համակարգում փոփոխությունների մասին, նա ասել է.«Հաշվի առնելով պատժամիջոցների աննախադեպ քանակությունը, հատկապես մեր հարեւան պետության դեմ, տեսնում ենք, որ միջազգային հաշվարկների ճարտարապետությունը սկսել է փոխվել։ Մենք տեսնում ենք ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի աճ։ Նախկինում գերիշխող էր ԱՄՆ դոլարը։ Մեր արտաքին առեւտրի մոտ 90%-ն իրականացվում է դոլարով։ Սակայն մենք այժմ տեսնում ենք թվային ակտիվների, հատկապես կրիպտոարժույթների օգտագործման աճ, ինչը մեզ ստիպել է արագացնել թվային ակտիվների կարգավորող դաշտի ստեղծման աշխատանքները»,- նշել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի ղեկավարը։Երրորդ ասպեկտը, նրա խոսքով, կարգավորող միջավայրն է, որում Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել վերջին երեք տարիների ընթացքում, հատկապես փողերի լվացման դեմ պայքարի (AML) եւ կոմպլաենսի ոլորտում։«Մենք փորձում ենք հավասարակշռություն պահպանել տնտեսական ակտիվության եւ կոմպլաենսի եւ AML ոլորտներում միջազգային պահանջների միջեւ», - եզրափակել է Քյազիմովը: Tweet Դիտում՝ 14236