Ռուսաստանից Հայաստան ոչ առեւտրային դրամական փոխանցումները կրճատվել են
04.02.2025 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Կենտրոնական բանկից հայտնում են, որ տնտեսական ակտիվության թուլացումը մեծապես պայմանավորված է արտաքին առեւտրային հոսքերի կրճատմամբ:
«Այդուհանդերձ, աճի կառուցվածքով պայմանավորված համախառն առաջարկի եւ համախառն պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Տնտեսական ակտիվության աշխուժացում է նկատվում մշակող արդյունաբերության որոշ «ավանդական», օրինակ, սննդի եւ ծխախոտի արդյունաբերության ճյուղերում։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի հեռանկարների վերաբերյալ ռիսկերը, պայմանավորված կարողությունների աճի թույլ տեմպերով, պահպանվում են:
2022 թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է 2024թ.-ի ընթացքում զբոսաշրջային հոսքերի որոշակի կրճատմամբ: Որոշակիորեն կրճատվում են նաեւ ՌԴ-ից դեպի Հայաստան ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումները: Սա կարող է պայմանավորված լինել վերջին շրջանում ՀՀ եւ ՌԴ միջեւ աշխատավարձերի ճեղքի թուլացման, ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարների շուրջ բարձր անորոշության եւ միգրացիոն քաղաքականության խստացման պայմաններում դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի կրճատմամբ:
Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մանրածախ առեւտրի, սպառողական վարկերի, ներքին զբոսաշրջության եւ ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից՝ դեռեւս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը եւ ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաեւ ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը եւ կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից եւ վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի եւ պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել:
Հարկաբյուջետային քաղաքականության՝ ամբողջական պահանջարկի վրա ազդեցության շուրջ անորոշությունը մեծացել է: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի թերակատարման եւ, դրան զուգահեռ, սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:
Առարկայական են նաեւ ծախսերը, հատկապես կապիտալ, թերակատարելու, ինչպես նաեւ դրանց կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված պահանջարկի վրա ավելի զսպող ազդեցություն ունենալու ռիսկերը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: