Հայաստանի Շինարարների միության նախագահ է ընտրվել Վահան Հարությունյանը

21.11.2024 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւանում կայացած Հայաստանի Շինարարների միության 5-րդ համագումարում հաստատվել է նոր կանոնադրությունը եւ ընտրվել է խորհրդի նոր կազմը։

Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։ Վահան Հարությունյանը 2009 թվականից ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

«Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանն ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց  Վահան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում շինարարությունը բում է ապրում, սակայն ոլորտի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ։ Հայաստանի Շինարարների միության նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կգույքագրեն ոլորտային խնդիրները և կկազմեն գործողությունների ծրագիր՝ շինարարության ոլորտի բարեփոխման նպատակով։

Վահան Հարությունյանը հայտնել է, որ նորընտիր խորհուրդը որոշում է կայացրել նախկին նախագահ Գագիկ Գալստյանին շնորհել Հայաստանի Շինարարների միության պատվավոր նախագահի կոչում և պարգևատրել Շինարարների միության ոսկե մեդալով։

Վահան Հարությունյանն ասել է, որ Գագիկ Գալստյանը մեծ ներդրում ունի Հայաստանում շինարարության ոլորտի մասնագետներին համախմբելու, գործընկերային կապերի ամրապնդման, պետական կառույցների հետ մշտական կապի պահպանման և համագործակցության և առհասարակ շինարարության ոլորտի զարգացման կարևոր գործում։

Գագիկ Գալստյանն իր խոսքում նշել է.

«Արդեն երեք անգամ Միության խորհուրդ է ձևավորվել, արմատական պահելով գործող ընկերությունների ներկայությունը՝ միշտ ընդգրկել ենք նորերին։ Արդեն պահն էր հասունացել երիտասարդացնել խորհդրի կազմն ու ղեկավարումը փոխանցել ավելի երիտասարդ, ավելի ներուժով, ունակ ու գործունյա ղեկավարի»։

Վահան Հարությունյանը պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009 թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010 թ.), Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից «Փառք շինարարին» ոսկե մեդալով (2011), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2015 թ) և այլն։

***

Հայաստանի շինարարների միություն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականին: Որպես հասարակական կառույց` միության գործունեությունը նպատակաուղղված է քաղաքաշինության ոլորտի առաջնային հիմնախնդիրների և դրանց ուղվված առաջարկությունների ներկայացմանը ՀՀ կառավարությանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին։ Միությունը կապող օղակ է պետություն-շինարարական հանրույթի միջև, պարբերաբար իրականացնում է շինոլորտի վերաբերող քննարկումներ, բարձրաձայնում է մասնագիտական հանրությանը հուզող խնդիրներն ու առաջարկությունները։ Միության գործունեության հիմքում շինարարների շահերի պաշտպանությունն է և որպես վստահելի գործընկեր՝ աջակցում է պետական, ներդրումային ու մասնավոր քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը։ Շինարարների միության համար առանցքային են պետականության ամրապնդմանն ուղղված նպատակները։


Դիտում՝ 1664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW