Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակով արցախցի երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում
22.10.2024 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /







Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց եւ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։
Ցե-Կվադրատ Ամպեգայից հայտնում են, որ ծրագիրը շարունակվում է եւ հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։
Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աջակցում է ծրագրի ընթացիկ իրագործմանը։
«Կրթաթոշակի ծրագիրը արտացոլում է մեր հանձնառությունը Հայաստանում կայուն եւ երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Ուրախ ենք, որ կրթաթոշակի այս ծրագրի շնորհիվ Արցախից տեղահանված 14 աշակերտ արդեն սկսեց ուսումը Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Ծրագիրը շարունակում է գործել եւ մենք հույս ունենք, որ կունենանք նոր շահառուներ: Մենք հավատում ենք, որ որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք հասարակության կայուն զարգացմանը»,- ասել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր ֆինանսական եւ գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը։
«Կրթությունն ու կրթական ծրագրերը ՀԲԸՄ-ի ինքնության ողնաշարն են: Նույնիսկ Հայոց ցեղասպանությունից հետո ՀԲԸՄ-ն ստանձնեց կրթության շարունակականության ապահովման եւ տաղանդավոր երիտասարդների ինքնաիրացման պատասխանատվությունը: Այսօր, երբ Արցախի բռնի տեղահանությունից հետո կանգնած ենք հումանիտար եւ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ, կրկնակի զգոնությամբ պետք է գտնել եւ աջակցել տաղանդավոր երեխաներին:
Հասկանալի է, որ կրթությունն ու մշակույթը առաջինն են տուժում թնդանոթների աղմուկից: Այս ծրագիրը լայնածավալ աջակցության համար չէ, այլ ուղղված է բացառիկ օժտված երեխաներին, որոնք ունակ են ստանալ միջազգային մրցունակ կրթություն: Պետք է անել ամեն հնարավորն այն ապահովելու համար, որպեսզի երիտասարդների հավակնությունը չմարի»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը:
Նշվում է, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի եւ տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին:
Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.
- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: