ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի եւ սեմինարի հովանավոր

16.10.2024 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նշել է երկու կարեւոր իրադարձություն ԱրարատԲանկի աջակցությամբ՝ նոր կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի բացումը եւ միջազգային սեմինարի անցկացումը:

Հոկտեմբերի 11-ին Մատենադարանում տեղի է ունեցել ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը:

Բանկից հայտնում են, որ այս նորագույն հաստատությունը նոր որակական մակարդակի կբարձրացնի Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները եւ էապես կնպաստի նոր ծրագրերի իրականացմանը: Լաբորատորիան կարեւոր դեր կխաղա աշխարհասփյուռ հոգեւոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնման գործում, ինչը Մատենադարանի առաջնահերթ ծրագրերից մեկն է:

ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվել միայն լաբորատորիայի ֆինանսավորմամբ: Բանկը նաեւ համաֆինանսավորել է հոկտեմբերի 9-11-ը Մատենադարանում տեղի ունեցած «Հիշողության կերպարանքներ» 13-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը:

Այն մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի առաջատար փորձագետների, ձեռագրագետների, գիտնականների եւ վերականգնողների աշխարհի տարբեր անկյուններից՝ ներառյալ Իտալիա, Հունաստան, Լիտվա, Հնդկաստան, Կատար, Ղազախստան, Եթովպիա, Ֆրանսիա, Բելգիա, Մոլդովա եւ Վրաստան: Մասնակիցները հանդես են եկել թեմատիկ զեկույցներով եւ անցկացրել վարպետության դասեր Մատենադարանի վերականգնման լաբորատորիայում:

Քառօրյա սեմինարի շրջանակում քննարկվել են հետեւյալ թեմաները.

  •     Գրավոր ժառանգության պահպանության եւ վերականգնման ոլորտի կառավարման միջազգային փորձը
  •     Գրավոր ժառանգության վերականգնման եւ պահպանության վավերագրման մեթոդները։ Պահպանության եվրոպական օրենսդրությունը
  •     Վերականգնման եւ պահպանության արդյունավետ օրինակներ եւ մեթոդներ
  •     Բարձրագույն կրթությունը գրավոր ժառանգության վերականգնման եւ պահպանության ոլորտում
  •     Ձեռագրերի որոշ բաղադրիչների վերլուծություն․հաջողված վերականգնման օրինակներ


Միջոցառման շրջանակում բացվել է «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին վերականգնված նմուշներ ոչ միայն Մատենադարանից, այլեւ Հայաստանի այլ ցուցասրահներից:

Բացման արարողություններին ելույթներով հանդես են եկել ԱրարատԲանկի խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը, ԱրարատԲանկի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս նախաձեռնությունները նշանակալի քայլ դարձան Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման եւ ուսումնասիրման գործում, ինչպես նաեւ միջազգային գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռագրերի վերականգնման եւ պահպանման ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4448
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW