Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաներն այցելել են «Երեմյան Փրոջեքթս»-ի ֆերմա

04.10.2024 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
Հոկտեմբերի 2-ին «Երեմյան Փրոջեքթս»-ի Լոռու մարզի Տաշիր համայնքում գործող գերժամանակակից անասնապահական համալիր են այցելել Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրներից ավելի քան 40 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիայի ներկայացուցիչներ։



Այցը կազմակերպվել էր «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) 2024 ծրագրի շրջանակում, որի նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների և Հայաստանի միջև՝ կենտրոնանալով գյուղատնտեսության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության, ՍԹԵՄ կրթության և գինեգործության ոլորտների վրա։

Մասնակիցները «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, ընկերության Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի,  Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն, գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ֆերմայում, ծանոթացել են արտադրության և որակի միջազգային չափանիշներին համապատասխանեցված նորարարական ու գերժամանակակից անասնապահական համալիրին, որը հագեցած է գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով, ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։



Լոռու մարզ այցի ընթացքում ծրագրի մասնակիցները նաև հյուրընկալվեցին Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)՝ մասնակցելու «Նորարարական գյուղատնտեսություն. Կայուն գյուղատնտեսության օրինակներ՝ պարենային անվտանգության բարելավման համար» խորագրով պանելային քննարկմանը։ Վերջինիս ընթացքում  «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը կիսվեց  ընկերության ռազմավարությամբ, գյուղատնտեսական նախագծերի բիզնես մոդելով, որդեգրած քաղաքականությամբ և հայեցակարգերով։



Դավիթ Երեմյանը, մասնավորապես, ներկայացրել է «Սերմից՝սեղան» հայեցակարգը.

««Սերմից՝ սեղան» հայեցակարգով մենք վերահսկում ենք կաթնարտադրության յուրաքանչյուր փուլ, ինչի արդյունքում նպաստում ենք պարենային անվտանգության ապահովմանն ու ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։ Մոդելը նաև օրինակ է, որը թույլ է տալիս զարգացնել ժամանակակից անասնաբուծություն. մենք մեր գործունեությամբ փոխում ենք կարծրատիպեր, արտադրում ու լայն սպառման շուկայում հասանելի ենք դարձնում ամենաբարձր որակով կաթ ու կաթնամթերք, ձևավորում որակյալ կաթ խմելու նոր մշակույթ»,-նշել է Դավիթ Երեմյանը։



«Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը միավորում է բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին ամբողջ ամերիկյան մայրցամաքից: Այս բարձրաստիճան միջոցառումը կազմակերպվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո և ծառայում է որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:
Դիտում՝ 5050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW