1 միլիոնական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ եւս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան մոտիվացնում է երիտասարդներին

13.09.2024 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #ԵՊՀ
ԵՊՀ եւս 5 ուսանող արժանացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի՝ յուրաքանչյուրը 1 միլիոն դրամի չափով։

Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ եւ 4-րդ կուրսերից եւ մագիստրատուրայի 1-ին կուրսից։ Հաշվի է առնվել նրանց ուսման առաջադիմությունը, հասարակական եւ ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաեւ ներգրավվածությունն ինտելեկտուալ եւ գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։

Բանկից հայտնել են, որ 2023 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին եւ ոգեշնչել նրանց նոր հաջողությունների։ Ծրագիրը խթանում է նաեւ ուսման առաջադիմությունը, քանի որ այլ ուսանողներ, տեղեկանալով կրթաթոշակի մասին եւ ներկայացվող չափանիշներին, ձգտում են կատարելագործվել, որպեսզի հաջորդ տարիներին իրենք նույնպես ստանան կրթաթոշակ։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ասել է, որ յուրաքանչյուր կրթաթոշակ կարող է բերել հաջողության նոր պատմության։

«Մոտիվացիան ու խրախուսանքը կարեւոր դեր են խաղում ուսանողի կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայում մենք հավատում ենք ապագայի մեջ ներդրում կատարելուն՝ աջակցելով մեր խելացի երիտասարդներին: Կրթաթոշակները միայն ֆինանսական օժանդակություն չեն․ դրանք ուսանողներին թույլ են տալիս կենտրոնանալ ուսման վրա, օգնում են հաղթահարել խոչընդոտներն ու կերտել իրենց հաջողության պատմությունները: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես են այս տաղանդավոր անհատները նպաստելու մեր համայնքի զարգացմանը։ Հուսով ենք՝ ԵՊՀ հետ շարունակական համագործակցությունը լավ արդյունք կտա»,- նշել է Հայկ Ստեփանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ համալսարանի համար կարեւոր է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ գործընկերությունը։

«Այս ծրագիրը ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում մեր ուսանողներին, այլեւ հնարավորություն տալիս հաղորդակցվել բանկային ոլորտին, շփվել արհեստավարժ մասնագետների հետ, որոնցից շատերն իրենց կարիերայի մեկնարկային կետում գտնվող ուսանողների համար դերային մոդելներ են՝ ցույց տալու, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել նպատակասլացության, աշխատասիրության եւ մասնագիտական զարգացման արդյունքում։ Այս ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս համալսարանին ամրապնդել իր կապերը լավ գործընկեր Բիբլոս Բանկ Արմենիայի հետ եւ ընդլայնել համագործակցության շրջանակը»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Դիտում՝ 4889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW