ՀՀ բանկերը 2008 թվականին. գլխավոր իրադարձությունները
29.12.2008 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, անցնող տարին բավականին հաջողված էր Հայաստանի բանկային համակարգի համար:
Մենք որոշեցինք ներկայացնել Հայաստանի բանկային շուկայի հիմնական իրադարձություններն ըստ հետեւյալ կարգերի.
- Արտաքին ֆինանսավորման ներգրավում;
- Նոր դերակատարներ, միաձուլումներ եւ կլանումներ;
- Մուտք կապիտալի շուկա;
- Վարկանիշներ;
- Նոր գործիքներ:
Կազմված տեսության մեջ ներկայացված են այն իրադարձությունները, որոնք
կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն առանձին բանկերի, այլեւ Հայաստանի ողջ ֆինանսական շուկայի համար:
Արտաքին ֆինանսավորման նեգրավում
Չնայած աշխարհում մոլեգնող իրացվելիության ճգնաժամին, 2008 թվականին հայաստանյան բանկերը արտասահմանից միջոցների տպավորիչ ծավալներ ներգրավեցին, որոնց մեծ մասն ուղղվեց փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: ՀՀ կառավարությունը ներկայումս բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ 2009 թվականին մինչեւ $ 250 մլն վարկային միջոցներ ներգրավելու ուղղությամբ` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
Հունվարին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ Երեւանում 2 պայմանագիր ստորագրեցին: Առաջին պայմանագրի համաձայն` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով Եվրոբանկը “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ին հատկացրեց $ 5 մլն-ի վարկ: Երկրորդ պայմանագիրը նախատեսում էր $ 1մլն-ի տրամադրում` բանկում միջազգային առեւտրի ֆինանսավորման տեխնոլոգիայի ներդրման նպատակով:
Հոկտեմբերին ՎԶԵԲ-ը ձեռք բերեց “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի 25%+1 բաժնետոմսերը:
Փետրվարին “Հայէկոնոմբանկը” փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկից /ԱԶՍԲ/ ներգրավեց $ 5 մլն վարկ: Փետրվարին ԱԶՍԲ-ն “Ինեկոբանկին” հատկացրեց $ 3 մլն` ԱԶՍԲ անդամ երկրներից ապրանք ներմուծող ընկերությունների ֆինանսավորման նպատակով:
Մարտին “Ինեկոբանկի” նոր բաժնետերը դարձավ KfW բանկային խմբի անդամ DEG (Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft mbH) ընկերությունը, որը ShoreCap International-ից ձեռք բերեց “Ինեկոբանկի” բաժնետոմսերի 13,5 %-ը: Ապրիլին հայտարարվեց, որ “Ինեկոբանկը” բելգիական VDK Spaarbank-ից ստանալու է $ 3 մլն-ի վարկ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով:
Նոյեմբերին Նավթարդյունահանող երկրների կազմակերպության Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC OFID) “Ինեկոբանկին” $ 5 մլն ընդհանուր գումարի երկու վարկային գիծ տրամադրեց` առեւտրի ֆինանսավորման ու փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար: Նույն ամսին Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ “Ինեկոբանկին” հատկացրեց $ 5 մլն: Ֆինանսական փաթեթը բաղկացած էր փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով $ 3 մլն ծավալով հիմնական վարկից եւ $ 2 մլն-ի առեւտրային երաշխիքներից` արտահանումն ու ներկրումը հեշտացնելու նպատակով:
Մարտին հայտարարվեց, որ “Կասկադ Բանկը” փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից /ՎԶԵԲ/ ստանալու է $ 5 մլն վարկ:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՎԶԵԲ-ը “Կոնվերս Բանկին” հատկացրեց $ 10 մլն, “ՊրոԿրեդիտ Բանկին”` $ 7 մլն եւ “ՎՏԲ Հայաստան բանկին”` $ 10 մլն: Բոլոր երեք դեպքերում միջոցները տրամադրվեցին միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով:
2008 թվականի մայիսին ՎՏԲ բանկն ու “Թեղուտ” ՍՊԸ-ն $ 249.5 մլն-ի վարկային համաձայնագիր ստորագրեցին: ՎՏԲ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ չնայաժ ճգնաժամին, ստորագրված համաձայնագիրը ուժի մեջ է մնում:
Հուլիսին շվեյցարական Atlantik Forfaiterungs AG ընկերությունը “Արդշինինվեստաբանկին” արտաքին առեւտրի ֆինանսամորման համար տրամադրած վարկային գիծը ավելացրեց $ 2.5 մլն-ով:
Հոկտեմբերին “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” Credit Agricole-ից $ 42 մլն-ի չափով վարկ ստացավ` տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալների մեծացման եւ միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով: Նոյեմբերին հայտարարվեց, որ ՎԶԵԲ-ը “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին” տրամադրելու է $ 50 մլն-ի սինդիկացված վարկ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար: Դեկտեմբերի սկզբին “ԱԿԲԱ Լիզինգը” ՎԶԵԲ-ից ստացավ $ 8 մլն:
Նոյեմբերին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասաց, որ “մենք $100 մլն պահուստային միջոցներ ունենք` մեր գլխամասային գրասենյակի կողմից վարկային գծերի տեսքով. մենք ոչ հաճախ ենք օգտագործում դրանք, սակայն գիտենք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք դրանց վրա հույս դնել”:
Նոր դերակատարներ, միաձուլումներ եւ կլանումներ
Փետրվարի 5-ին Երեւանում կայացավ “ՊրոԿրեդիտ Բանկի” պաշտոնական բացումը, որը դարձավ Հայաստանի թվով 22-րդ առեւտրային բանկն ու “ՊրոԿրեդիտ” խմբի մեջ մտնող 22-րդ բանկը:
Հունիսին “Հայներարտբանկը” պաշտոնապես հայտարարեց իր ռեբրենդինգի ավարտի եւ բանկի նոր` “Ամերիաբանկ” անվանման մասին: Հիշեցնենք, որ 2007 թվականի օգոստոսին “Հայներարտբանկի” բաժնետոմսերը ձեռք էր բերել ռուսաստանյան “Տրոյկա Դիալոգ” խոշորագուն ներդրումային ընկերության հետ փոխկապակցված “TDA Հոլդինգս Լիմիթեդ” ընկերությունը: Հոկտեմբերին “Ամերիաբանկը” հայտարարեց, որ ծրագրում է ձեռք բերել հայաստանյան բանկերից մեկը:
Սեպտեմբերին “Գազպրոմբանկն” ավարտեց “Ռայֆֆայզենբանկ” ՓԲԸ-ից “Առէկսիմբանկ” ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 5,85% գնելու գործարքը` իր մասնաբաժինը վերջինիս կանոնադրական կապիտալում հասցնելով 100%-ի: Ակնկալվում է, որ 2009 թվականին բանկը վերանվանվելու է “Գազպրոմբանկ-Հայաստան”:
Տարվա երկրորդ կեսին ԶԼՄ-ներում տեղեկություներ հայտնվեցին այն մասին, որ ԿԲ-ից նախնական լիցենզիա ստացած “Արմենիան Փոստբանկը” կարող է միաձուլվել “Կոնվերս Բանկի” հետ:
Մուտք կապիտալի շուկա
2008 թվականին միանգամից մի քանի հայաստանյան բանկեր դուրս եկան կապիտալի շուկա` թողարկելով կորպորատիվ պարտատոմսեր:
Հունիսին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը տեղաբաշխեց 400 մլն ընդհանուր գումարի (տարեկան եկամտաբերությունը` 9%) կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր:
Նոյեմբերին իր 1.5 մլրդ դրամ ծավալի անվանական պարտատոմսերի առաջին թողարկման մասին հայտարարեց “Արդշինինվեստբանկը” (տարեկան եկամտաբերությունը` 10%): Նույն ամսին “Կոնվերս Բանկը” հայտարարեց 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման (տարեկան եկամտաբերությունը` 10.64%) եւ 300 մլն դրամ ծավալի առաջին տրանշի տեղաբաշխման մասին:
Դեկտեմբերին “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” հայտարարեց հրապարակային առաջարկի միջոցով ոչ փոխարկելի ոչ փաստաթղթային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի բաց բաժանորդագրության մասին (ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, տոկոսադրույքը` տարեկան 9%):
Վարկանիշեր
Հուլիսին Moody’s վարկանիշային գործակալությունը “Արդշինինվեստբանկին” շնորհեց Ba1/Ba3/NP/D վարկանիշերը:
Օգոստոսին Moody’s-ը “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” դրամով եւ արտարժույթով տրված երկարաժամկետ ավանդների (GLС) վարկանիշը Ba2-ից բարձրացրեց մինչեւ Ba1:
Հոկտեմբերին AmRating/GlobalRating վարկանիշային գործակալությունը “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ին շնորհեց “BB պլյուս” վարկային վարկանիշը` “հնարավոր բարձրացում” կանխատեսմամբ:
Նոր գործիքներ
Փետրվարին “Յունիբանկը” տեղեկացրեց ABN AMRO բանկի` 9 մոդուլներից բաղկացած եւ հիմնականում մանրածախ ոլորտին ուղղված “Բանկային ռիսկերի կառավարման գործընթացների բարելավում” ծրագրի ներդրման գործընթացի ավարտի մասին:
Սեպտեմբերին Երեւանում բացվեց “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գործառնական կենտրոնը, որում աշխատում են Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում HSBC-ի բիզնես միավորների համար միասնական ծրագրային ապահովման մշակողները:
Հոկտեմբերին “Հայէկոնոմբանկն” ու “ՎՏԲ-Հայստան բանկը” հայտարարեցին “ԱրմենՏել” ընկերության ռեսուրսների օգտագործմամբ կորպորատիվ հեռախոսային կենտրոնների գործարկման մասին:
Դեկտեմբերին “Ամերիաբանկը” հայտարարեց, որ ֆիզիկական անձանց 2 մլն դրամը գերազանցող բոլոր ավանդներն ապահովագրվելու են “Ռոսգոսստրախ-Արմենիայի” կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: