ԵՆԲ-ի հետ համագործակցությամբ Ակբա բանկը 55 միլիոն եվրո կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

01.08.2024 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /
Ակբա բանկը Հայաստանի առեւտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։

Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում մանր, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Համագործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ խթանելու մասնավոր հատվածի աճը եւ աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաեւ, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության են արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով նաեւ լրացուցիչ աշխատատեղեր:



«Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ եւ դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաեւ աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների աճին եւ մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, եւ կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության եւ Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։

«Ակբա բանկն այս պահին Հայաստանի առեւտրային բանկերի շրջանում առաջին ուղիղ եւ խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է եւ այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները՝ ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեւորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը եւ աջակցությունը տեղական բիզնեսներին»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:
Դիտում՝ 6407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW