ԿԲ. Հայաստանում հունիսին գնաճը կազմել է 0.8%
30.07.2024 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /


2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը:
«Ձեւավորված աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաեւ միջազգային առեւտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռեւս պահպանվում են:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաեւ ներքին պահանջարկի եւ սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է: Միեւնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի տեմպի նվազմամբ: Զուգահեռաբար, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են նվազել»,- ասվում է հաղորդագրությունում:
ԿԲ Խորհուրդն առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը կառավարելու նպատակով իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ.
«Մի կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական եւ հարկաբյուջետային քաղաքականությունից բխող՝ երկրի ռիսկ-հավելավճարի եւ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, ԿԲ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների եւ աշխատաշուկայի պայմանների թուլացման համատեքստում ցածր պահանջարկի ձեւավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ նշված սցենարներից բխող հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու մոտեցման ներքո, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ԿԲ Խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։
ԿԲ Խորհուրդը հայտնում է իր հանձնառությունը համարժեք գործողություններով միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: