2023թ. եկամտահարկի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 22-ն է

02.07.2024 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչեւ հուլիսի 22-ն է։

2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաեւ բջջային հավելվածը։

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար, նախեւառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց եւ ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն (քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց՝ https://src.am/am/getNews/440 ): Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Անձի նույնականացումից եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելուց հետո ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիրը ներկայացնում են ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքէջի միջոցով՝ «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժնում՝  սեղմելով https://self-portal.taxservice.am/ հղումը։

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այն պարզեցված եղանակով կարող են անմիջապես ստանալ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում՝ եկամուտների հայտարարագրի ներկայացման գործընթացը սկսելուց առաջ (հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության ուղեցույցը հետեւյալ հղմամբ՝․ https://src.am/am/getNews/467 )։  

2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ հետեւյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձինք)․

-    2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական եւ համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
-   2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
-    «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
-    2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։

Կոմիտեն, միաժամանակ, հիշեցնում է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում՝ տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1-րդ հոդվածով սահմանված չափերով։
Դիտում՝ 2227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW