Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է $ 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպման համար, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040թ.) իրականացմանը։ Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջեւ էներգետիկ համագործակցության կայացմանը:ՀԲ տվյալներով, 2021 թվականին Հայաստանի էներգիայի ընդհանուր մատակարարման 62 տոկոսը ստացվել է բնական գազից, որին հաջորդում են նավթը (16 տոկոս), ատոմային էներգիան (14 տոկոս) եւ հիդրոէներգիան (5 տոկոս), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամին եւ արեւային էներգիան) կազմել են մոտ 1 տոկոս։«Սպառողների համար մատչելի, հուսալի եւ էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ են շարունակական ներդրումներ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի առեւտրային կենսունակության բարձրացման համար: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը չափազանց կարեւոր է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:Ծրագրի նպատակն է դյուրացնել մինչեւ 2032 թվականը վերականգնվող էներգիայի արտադրության մոտ 1,1 ԳՎտ հզորության ինտեգրումը հաղորդման ցանց, ինչը բավարար է 690,000 տնային տնտեսությունների էլեկտրասնուցման համար: Սա կնվազեցնի նաեւ ջերմոցային գազերի (ՋԳ) տարեկան զուտ արտանետումները 540 հազար տոննայով: Բացի այդ, այն նախատեսում է ներգրավել $ 550 միլիոնի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր փոխանցման ենթակայանները՝ օգտագործելով ավտոմատ կառավարման համակարգեր եւ թվային պաշտպանություն, եւ ավելացնել փոխանցման ենթակայանների ընդհանուր հզորությունը 2711 մեգավոլտ-ամպերից (Մվա) մինչեւ 3109 Մվա: Tweet Դիտում՝ 4121