Կառավարությունը սահմանել է պարզեցված ընթացակարգեր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար կգործեն օրինապահության չափանիշներ եւ դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Արդյունքում՝ համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային եւ ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ:Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից եւ վարչարարությունից. «Փոխարենը՝ ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն եւ մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում եւ ռիսկային հարկ վճարողների մոտ»:ՊԵԿ նախագահը ներկայացրել է, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար եւ ինչ առավելություններից կարող են օգտվել.«Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված եւ չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված եւ չավարտված մաքսային ստուգումների բացակայություն եւ այլն»: Օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց առավելություններ են, մասնավորապես, մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձեւերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում: Tweet Դիտում՝ 1387