SPRING PR. Doing Digital Forum 2024-ը գրանցեց հաջողություն՝ միավորելով 1000 մասնակցի եւ 20-ից ավելի խոսնակի

04.04.2024 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Doing Digital Forum 2024 #SPRING PR
Երեւանում անցկացվել է SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF)՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։

Ընկերությունից հայտնել են, որ ֆորումի նպատակն էր ներկայացնել ֆինանսական եւ բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական եւ բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին ֆորումի կողքին էր, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:

Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանի դիտարկմամբ՝ ֆորումը կայացավ եւ մեծ հաջողություն գրանցեց, քանի որ թվայնացման օրակարգն այլեւս գլոբալ հրամայական է։ «Ֆորումը հաջողեց ու դարձավ այն հարթակը, որի շնորհիվ մենք ստեղծում ենք արդյունավետ երկխոսության հնարավորություններ, ձեւավորում նոր համագործակցություններ: Doing Digital-ը ռազմավարական նախաձեռնություն է, քանի որ մենք նպաստում ենք, որպեսզի միջազգային թոփ մեդիաներն ու առաջատար դեմքերը Հայաստանի մասին խոսեն որպես թվայնացման գործընթացներն ակտիվ քննարկող, միավորող ու համախմբող երկիր»,-բացման ելույթում նշել է Տաթեւիկ Սիմոնյանը։



ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կիսվել է երկրի թվային ապագայի վերաբերյալ ԿԲ տեսլականով: «Թվայնացման ապագան լուսավոր է եւ լի հնարավորություններով: Վեց տեխնոլոգիական միտումները՝ արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, հանրային բլոկչեյնները, գենոմիկան, էներգիայի նոր մարտկոցները եւ քվանտային հաշվարկները, գտնվելով դեռ ստեղծման փուլում, արդեն շատ խոստումնալից են մարդկության ապագայի համար: Ուստի մենք պետք է եւ՛ գնանք հնարավորություններին ընդառաջ, եւ՛ պատրաստվենք մեղմելու սպառնալիքները»,- բացմանը հայտարարել է Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը հավատացած է, որ աշխարհը շարժվում է թվայնացման ուղղությամբ, եւ մրցունակությունը պահպանելու համար երկիրը պետք է շարունակաբար հարմարվի փոփոխություններին։

Նշվում է, որ Doing Digital Forum-ն այս տարի ներկայացել է նոր դեմքերով եւ թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին եւ առաջատար փորձագետներին։ Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի եւ բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն էր։

Քինգը ներկայացրել է, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային: «Խելացի» տնտեսություն ունենալու համար բոլոր օղակները պետք է պատրաստ լինեն ներդնելու արհեստական բանականությունը։ «Եթե ուզում եք մնալ խաղի մեջ, պետք է լինեք տեխնոլոգիաների մեջ։ Ամենաարագ զարգացող ֆինանսական ինստիտուտները տեխնոլոգիական ընկերություններն են. թոփ 20 ֆինթեք ընկերություններն այսօր սպասարկում են ավելի քան 4 միլիարդ մարդու ամբողջ մոլորակի վրա, մինչդեռ թոփ 20 բանկերը՝ ընդամենը 2.5 միլիարդ մարդու»,- նշել է DDF24-ի գլխավոր խոսնակը։

Ֆորումի օրակարգը հագեցած էր գաղափարակիր ելույթներով եւ պանելային քննարկումներով, որոնց մասնակցում էին ֆինթեքի, բանկային ոլորտի, հանրային տիրույթի ու բիզնես աշխարհի մտքի առաջատարները:



Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) Օգտատերերի փորձառության եւ ծառայությունների մատուցման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանը, ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը եւ ԿԲ փոխնախագահ, ԱրՔա (ArCa)-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն անդրադարձել են տվյալների վրա հիմնված մարդակենտրոն հանրային ծառայությունների մատուցումից մինչեւ Հայաստանում կրիպտո կարգավորումներ եւ Հայաստանի վճարային ենթակառուցվածքի հզորացմանն առնչվող թեմաներին։

Պանելային քննարկումների ձեւաչափով, որոնք վարում էին Global Fintech Institute-ի եւ Սինգապուրի հասարակական գիտությունների համալսարանի խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը եւ Բրեթ Քինգը, անդրադարձ է կատարվել ֆինանսների ապագային եւ թվային տնտեսությանը՝ տեղական ու միջազգային առաջատար ընկերությունների փորձագետների մասնակցությամբ:

DDF-ին մասնակցել են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ հետաքրքրված մասնակիցներ։ Ֆորումը համախմբել է 1000-ից ավելի մասնակցի ՀՀ պետական եւ մասնավոր կառույցներից, միջազգային ու հասարակական կազմակերպություններից, բանկային, ֆինթեք, բիզնեսի տարբեր ուղղությունների` արտադրությունից մինչեւ առեւտուր, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից, կրթական հաստատություններից:
DDF24-ը հյուրընկալել էր ավելի քան 20 խոսնակի աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացնում էին ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft եւ Hoory ընկերությունները:
Դիտում՝ 2527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW