Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) այսօր հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առեւտրային ցանցերի եւ մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ հանձնաժողովը դիտարկել էր շահերի որոշակի անհավասարակշռվածություն, որը պայմանավորված էր ցանցերի՝ մատակարարների նկատմամբ ունեցած բանակցային կամ պայմանագրային առավելությամբ:Նշվում է, որ նոր կարգավորումները կսկսեն գործել մայիսի 6-ից: Օրենքի կարգավորման տիրույթում կհայտնվեն այն ընկերությունները, որոնք ունեն կամ որոնց բրենդի ներքո գործում է 4 եւ ավելի առեւտրային օբյեկտ, եւ նրանց ընդհանուր շրջանառությունը գերազանցում է 3 մլրդ դրամը: Առեւտրային ցանցը պարտավոր է ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները: Բոլոր պայմանագրային հարաբերությունները պետք է լինեն գրավոր: «Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ կլինի հստակ հետագծելիություն, եւ պարզ կլինի՝ իրականում առեւտրային ցանցը դրսեւորել է խտրական վերաբերմունք կոնկրետ մատակարարի նկատմամբ, թե դա եղել է օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնված, ինչն էլ հնարավորություն կտա հանձնաժողովին միանշանակորեն արձանագրել խախտումները կամ դրանց բացակայությունը: Մյուս կողմից սրանով մենք հատկապես պաշտպանում ենք ՓՄՁ-ների մուտքը ցանցեր»,-նշել է Տիգրան Մարկոսյանը: Առանցքային փոփոխություններից է վճարումների իրականացման համար առավելագույն ժամկետների սահմանումը՝ սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օր: Վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման եւ տուգանքի կիրառման: Tweet Դիտում՝ 1901