Մարտին Գալստյան. Մոտենում ենք չեզոք տոկոսադրույքի մակարդակին

12.03.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #չեզոք տոկոսադրույք
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «բավական մոտենում ենք չեզոք տոկոսադրույքի մակարդակին»։

«Նախորդ տարվա հունիս ամսից մինչեւ այս պահը 2,25 տոկոսային կետով տոկոսադրույք ենք իջեցրել եւ պետք է հասկանանք, որ մտնում ենք մի զոնա, որտեղ ամեն հաջորդ քայլը պետք է լինի շատ ավելի հաշվեկշռված ու հավասարակշռված։



Գործում ենք մի միջավայրում, որ գլոբալ, համաշխարհային շրջանակի մաս ենք։ Եթե գործընկեր երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, իրենց հիմնական տոկոսադրույքը 5,25%-5,50% շրջանակում է, Հայաստանի ԿԲ-ն իր որոշումները կայացնելիս նաեւ հաշվի է առնում այն ռիսկի հավելավճարը, որը պետք է լինի Կենտրոնական բանկի կամ հայկական փողի արժեքի եւ ամերիկյան փողի արժեքի միջեւ»,- ասել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանը նշել է, որ գործոնները բազում են, դրա համար հաշվի են առնվում նաեւ այնպիսի փոփոխականներ, որոնք չդիտարկվող են տնտեսության մեջ։

«Օրինակ՝ պոտենցիալ ՀՆԱ, չեզոք տոկոսադրույք, սա այն տոկոսադրույքն է, որի պարագայում տնտեսությունն աշխատում է իր ամբողջ ծավալով, հնարավորություններով ու հզորություններով։ Մեր չեզոք տոկոսադրույքի հաշվարկները ցույց են տալիս, որ մենք, ի տարբերություն նախկինի, բավական մոտենում ենք չեզոք տոկոսադրույքի մակարդակին։ Եթե լինում ենք այդ մակարդակի վրա, որը շատ բարդ հաշվելի է, որովհետեւ բազում ենթադրություններ կան դրա մեջ մեթոդական առումով, ըստ էության ոչ խթանում ենք, ոչ զսպում ենք տնտեսությունը։ Նպատակն այն է, որ զգուշավոր, քայլ առ քայլ խելամտորեն մոտենանք այն մակարդակին, որը թույլ կտա տնտեսության վրա գնաճը զսպել, ունենալ մեր թիրախին մոտ, միեւնույն ժամանակ հնարավորինս նաեւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում տնտեսության հետ մեր իրականացրած քաղաքականության արդյունքում»,- ասել է Մարտին Գալստյանը։
Դիտում՝ 2748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW