Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող եւ էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սիգարետի ներմուծման ծավալները 2022 թվականին 2019 թվականի համեմատ կրճատվել են շուրջ 30%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում տաքացվող եւ էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 եւ 77 անգամ։Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թվականին շուրջ 16%-ով աճել են 2021 թվականի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։Նշվում է, որ էլեկտրոնային եւ տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է. «Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է եւ առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը»:ՄՊՀ-ն ուսումնասիրությամբ արձանագրել է, որ ի տարբերություն սիգարետների եւ էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում Հարկային օրենսգրքով սահմանվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ «Հանձնաժողովը գտնում է, որ ոլորտում հավասար եւ բարեխիղճ մրցակցային պայմանների, ինչպես նաեւ հարկային վարչարարության պատշաճ իրականացման եւ ԵԱՏՄ գործող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից նպատակահարմար է տաքացվող ծխախոտը եւս ներառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Տաքացվող ծխախոտային արտադրանքը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ, սակայն շարունակում է կարգավորվել ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգով։ Թեեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության տրամադրման համայնքի ղեկավարի լիազորությունը, սակայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում թույլտվության տրամադրման գործընթացը»,- ասվում է զեկույցում:Ուսումնասիրությունն իրականացվել է Ամբերդ հետազոտական կենտրոնի հետ համատեղ, այն ամբողջությամբ հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 889