Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից։«Ինչո՞ւ է հաջողությունը պահպանելն այդքան դժվար». Քրիստենսենն իրեն մտահոգող այս եւ շատ այլ հարցերի պատասխանները տվել է նորարարության մասին պատմող ամենակարեւոր գրքերից մեկում։ «Նորարարի երկընտրանքը» պատմում է պահպանող եւ հեղափոխական տեխնոլոգիաների մասին, բացատրում, թե ինչու են կայացած ընկերությունները սկսում անկում ապրել, եւ առաջարկում պարզ լուծումներ, որոնք միտված են բավարարել դժգոհ կամ անտեսված հաճախորդների պահանջները։Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ բանկի եւ «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչների ու գրքասերների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ներկայացրել է բանկի՝ իմաստալից կրթական ծրագրեր ֆինանսավորելու եւ նախագծին աջակցելու որոշումը։«Բիբլոս Բանկ Արմենիայի եւ «Անտարես» հրատարակչության միջեւ համագործակցության նպատակն է հայ ընթերցողի գրադարանը եւս մեկ կարեւոր գրքով հարստացնելը։ Վստահաբար, «Նորարարի երկընտրանքը» ռազմավարական մտածողությունը զարգացնող օգտակար գործ է բոլորի համար՝ ոլորտից անկախ։ Լայն իմաստով, գիրքը նաեւ հաջողության հասնելու ուղիների եւ ռազմավարության ընտրության մասին է, որն այսօրվա ու վաղվա նորարարներին կօգնի կողմնորոշվելու եւ ճիշտ բիզնես մոդել ընտրելու հարցում»,- ասել է Հայկ Ստեփանյանը։«Փողի հետ կապված տարբեր ոլորտներ տարբեր ռիսկայնություն ունեն: Բանկը ռիսկերը հավասարակշռող հիմնարկ է, եւ որպես կանոն՝ կոնսերվատիվ: Չէ՞ որ մյուս նժարին հաճախորդների` տարիներով հավաքած գումարներն են, նրանց երազանքների իրականացման հիմքերն են, ու, իհարկե, պետք է չափազանց զգույշ լինել: Իսկ ինչպե՞ս է նորարարությունն առնչվում բանկային գործի հետ: Իհարկե, բանկերը առաջինը կարող են օգտագործել գիտատեխնիկական զարգացման արդյունքները: Իսկ ո՞րն է Բիբլոս Բանկ Արմենիայի ամենաանվտանգ ինովացիան: Սովորել եւ այլոց հնարավորություն տալ սովորելու: Այս գրքի լույսընծայման փաստը վկայում է եւ՛ նորարարության, եւ՛ պատասխանատվության մասին»,- ասել է «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:Միջոցառմանը ներկա էին նաեւ Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից Գիրք նվիրելու օրվա առթիվ անցկացված մրցույթի հաղթողները, որոնք ստացել են գրքի իրենց օրինակը որպես մրցանակ։Բանկից հիշեցնում են, որ Տարոն Աճեմօղլուի եւ Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան է աջակցել։ Tweet Դիտում՝ 5350