«Լույս» հիմնադրամ. 2023-ին արդյունաբերության ոլորտի զարգացումները բավական մտահոգիչ են

02.02.2024 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #տնտեսություն #ներհոսք #արտահանում
«Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ 2023 թվականն ավարտվել է տնտեսական ակտիվության բավական բարձր տեմպով, սակայն տնտեսության կառուցվածքը վատթարացել է:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա վերջին երկու ամիսներին կտրուկ արագացել է՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով, ինչի արդյունքում 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Միեւնույն ժամանակ, ինչպես 2022թ.-ին, 2023-ին եւս, տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ժամանակավոր եւ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված գործոններով, որոնք կարող են չեզոքանալ՝ թողնելով տնտեսությունն առանց աճի «լոկոմոտիվների»:

«Այս պայմաններում, թեեւ աճում է արտահանումը, սակայն զարգանում են տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առեւտուրը, որը բավական տատանողական է եւ զգայուն շոկերի նկատմամբ: Ավելին, 2023թ. բարձր աճին զուգահեռ անկում է գրանցվել տնտեսական ավանդական մի շարք ճյուղերի թողարկումներում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), հետեւաբար նաեւ այդ ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալներում, ինչն արտացոլում է արտահանելի հատվածում առկա էական խնդիրները:

Արդյունաբերության ոլորտի 2023թ. զարգացումները բավական մտահոգիչ են: 2023թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ՝ չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին աճի տեմպը սկսել է կտրուկ արագանալ: Մտահոգիչ է, որ անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարեւոր ճյուղերում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), մինչդեռ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպի արագացումը պայմանավորված է ոսկերչական գործունեության աճով, որը հանդիսանում է վերաարտահանման գործընթացի բաղկացուցիչ եւ հնարավոր է ունենա կարճաժամկետ բնույթ:

Այս առումով, ինչպես նշվեց վերեւում, նկատվում է տնտեսության կառուցվածքի վատթարացում, որն արտահայտվում է նաեւ արդյունաբերության ոլորտի կառուցվածքի վատթարացմամբ, քանի որ մեծանում են առավել անկայուն ոլորտների կշիռները, ինչը միջնաժամկետում կարող է մեծացնել ՀՀ տնտեսության խոցելիությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների հանդեպ: Ավելին, չնայած առեւտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի էական աճին, արդյունաբերության ոլորտի վարկերի ծավալը նվազել է, ինչը խոսում է ոլորտի ներդրումային ակտիվության նվազման, հետեւաբար նաեւ հետագա տարիների աճի ցածր տեմպերի սպասման մասին»,- ասված է վերլուծության մեջ:

Ըստ զեկույցի՝ արտահանման կառուցվածքը նույնպես վատթարացել է: Արդյունաբերության ոլորտի զարգացումները արտացոլվում են նաեւ արտահանման կառուցվածքում, ինչը եւս անհանգստության տեղիք է տալիս:

«Թեեւ արտահանման ծավալները 2023թ. էական աճ են գրանցել, դա հիմնականում պայմանավորված է եղել ոչ հայկական արտադրանքի արտահանմամբ, այսինքն՝ վերաարտահանմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես եւ սպասելի էր (դեռեւս 2022թ. սկզբին տնտեսագետներն արդեն իսկ մտահոգություններ էին հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ստեղծված նոր հնարավորությունների՝ ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունների հեռանկարի մասին), հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների գծով («կենդանի կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք», «բուսական ծագման արտադրանք», «պատրաստի սննդի արտադրանք») նկատվում է արտահանման ծավալների նվազում: Այսինքն՝ արտահանման աճը պայմանավորված է եղել անկայուն եւ արտաքին իրավիճակով պայմանավորված գործոններով, մինչդեռ ՀՀ արտադրվող ապրանքների արտահանումը կրճատվել է: Այս պարագայում, արտաքին իրավիճակի փոփոխության դեպքում, արտահանման աճն ապահովող գործոնները կչեզոքանան, եւ ՀՀ արտահանումն այլեւս նույն ծավալներով չի լինի՝ հանգեցնելով արտահանման զգալի կրճատման: Սա նույնպես խոսում է տնտեսության ներուժի թուլացման մասին:

Գյուղատնտեսության ոլորտն «ավանդաբար» շարունակում է անկում ապրել: 2023թ. գրանցվել է 0.3% անկում: Թեեւ կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտի խթանման համար, սակայն ոլորտը շարունակում է անկում ապրել: 2023թ. անկումը հիմնականում պայմանավորված է անասնապահության անկմամբ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է սահմանամերձ գոտիներում մի շարք արոտավայրերի կորստի հետեւանք: Սա եւս մեկ գործոն է, որը նվազեցնում է տնտեսության ներուժը (քանի որ նվազում են արտադրանքի թողարկման հնարավորությունները), սակայն սա ունի նաեւ սոցիալական հետեւանքներ, քանի որ ուղղակիորեն ազդում է գյուղական բնակավայրերում ապրող բնակչության կենսամակարդակի վրա»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ պետական բյուջեն 2023 թվականին էականորեն շեղվել է պլանավորվածից:  2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում).

«Կապիտալ ծախսերը՝ թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը: Սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող եւ պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները:

2023 թվականն աչքի է ընկնում նաեւ արտերկրից փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի էական ցածր մակարդակներով: Ընդ որում, զուտ ներհոսքի նվազումը պայմանավորված է ոչ թե ներհոսքի կրճատմամբ, այլ արտահոսքի մեծացմամբ:

Այսինքն՝ ՀՀ-ից արտերկիր, հիմնականում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, արտարժույթի արտահոսքը մեծացել է: Հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի ՀՀ փոխանցված ընդհանուր արտարժույթի զուտ ներհոսքը զգալիորեն նվազել է՝ շուրջ 34.5%-ով:

Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023թ. հունվար-նոյեմբերին կազմել է $3.7 մլրդ՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 2.3 մլրդ-ի համեմատ: Մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է՝ կազմելով $5.2 մլրդ՝ նախորդ տարվա 4.6-ի դիմաց»:

Հիմնադրամի վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Դիտում՝ 2070
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW