ԿԲ. Հայաստանում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4%-ի շուրջ

30.01.2024 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #աշխատաշուկա
2024 թ. հունվարի 30-ի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%:


2023 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նվազել է՝ կազմելով -0.4%:

ԿԲ-ից հայտնել են, որ 2023 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է եւ համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը: 2024 թ-ի սկզբին, Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված` արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ եւ ձեւավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր: Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:

«Չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների եւ նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր: Վերջինս շարունակում է արտահայտվել նաեւ աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի եւ գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW